«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում (ՓԲԸ) ղեկավարները 600-900 հազար աշխատավարձ են ստանում, աշխատակիցներին էլ կրճատում են՝ առանց հիմնավորման։ Այս մասին NEWS.am-ին պատմեց ընկերության կրճատվող աշխատակիցներից մեկի ազգականը։

Նա նշեց, որ կրճատումներ են տեղի ունենում ընկերության Կենտրոնական-հարավային մասնաճյուղում. «Կրճատում են 9 աշխատակցի՝ առանց որեւէ տրամաբանական հիմնավորման։ Օտոստոսի 20-ին եկել է ծանուցում՝ կրճատման մասին։ Ազգականս ընտանիքի միակ կերակրողն է, սակայն սա էլ հաշվի չառնելով՝ կրճատում են։ Միեւնույն ժամանակ ընդունում են նոր աշխատակիցներ՝ անգամ արտահաստիքային։ Անունը դրել են օպտիմալացում, սակայն ծավալները չի փոքրացել, հակառակը մեծացել է։ Արտակարգ դրության պայմաններում որոշեցին կրճատում սահմանել։ Ոչ մեկ քայլեր չի ձեռնարկում, որովհետեւ կարծում են, թե իրենց ձայնը տեղ չի հասնի»։

Նրա խոսքով՝ ղեկավարության շրջանում աշխատավարձերն «աստղաբաշխական են». «Անգամ տրանսպորտի բաժնի պետը ստանում է 600 հազար դրամ աշխատավարձ, ղեկավարները մինչեւ 900 հազար են ստանում, պետական կառավարման համակարգում նման չափի աշխատավարձ չկա։ Նյութական պատասխանատու պաշտոններն էլ զբաղեցնում են հարազատ եղբայրներ. Վահե եւ Գոռ Մարտիրոսյաններ»։

Քաղաքացին ասաց, որ ընկերությունում բոլորը պաշտոններ են զբաղեցնում՝ բարեկամանական կապեր ունենալով. «Բոլորը ազգակցական կապերով այդտեղ պաշտոններ են զբաղեցնում։ Բոլորի գլխին «սարքում են», որ մարդիկ ինքնակամ թողնեն ու գնան»։