Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան իրավաչափ չեն համարում Իրանի դեմ ՄԱԿ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ պահանջը։ Այս մասին նշված է ՄԱԿ Անվտանգության խորհրդին հասցեագրված «եվրոպական եռյակի» երկրների մշտական ներկայացուցիչների նամակում, հայտնում է DW-ն։

Նամակում ընդգծվում է, որ ԱԽ անդամների մեծ մասն աջակցում է «եվրաեռյակի» դիրքորոշմանը։ Մինչդեռ Վաշինգտոնը մտադիր է ակտիվացնել Թեհրանի դեմ ՄԱԿ տուգանքային միջոցառումների վերականգնման մեխանիզմը։

Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմն անխուսափելիորեն կվերականգնվի, որից հետո «աշխարհն ավելի անվտանգ կդառնա», օգոստոսի 20-ին Fox News-ի եթերում հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Իրանցիները հնարավորություն չեն ունենա ձեռք բերելու ռուսական ՀՕՊ միջոցներ, չինական տանկեր եւ այն ամենը, ինչը սպառնում է Մերձավոր Արեւելքում խաղաղությանն ու կայունությանը»,- շեշտել էր Պոմպեոն։ Նա պատժամիջոցներով էր սպառնացել նաեւ Ռուսաստանին ու Չինաստանին, եթե հանդես գան ԱՄՆ պահանջների դեմ։

Պատժամիջոցների վերականգնման մեխանիզմն ամրագրված է ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւում, որը վավերացրել է 2015 թվականին համաձայնեցված Իրանի հետ միջուկային գործարքը։ Ըստ այդ կետի՝ համաձայնագրի պայմանները չկատարելու դեպքում դրա մասնակիցներից ցանկացածը կարող է պահանջել տուգանքային միջոցառումների վերականգնում, իսկ մյուս կողմերը չեն կարող այս պահանջի վրա վետո դնել։

Միացյալ Նահանգները, սակայն, դեռեւս 2018 թվականին հայտարարել էր իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից միակողմանի կարգով դուրս գալու մասին։ Սրանով պայմանավորված՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ մյուսները կարծում են, որ ԱՄՆ-ն այլեւս գործարքի մասնակից չէ եւ Թեհրանի դեմ ՄԱԿ պատժամիջոցների վերականգնում պահանջելու իրավական հնարավորություն չունի։ Սպիտակ տանը, հակառակը, համոզված են, որ Վաշինգոնը պաշտոնապես այդ մեխանիզմից օգտվելու իրավունք ունի, քանի որ մասնակցել է բանաձեւի ստորագրմանը։

Ավելի վաղ՝ մայիսին, ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Իրանի ՆԳՆ ղեկավարի, ինչպես նաեւ մի շարք անձանց ու կազմակերպությունների դեմ, որոնք կապված են Իրանի իրավապահ մարմինների հետ։