Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը բուժվում է Բեռլինի «Շարիտե» կլինիկայում, Instagram-ում գրառում է կատարել, որում հայտնել է իր վերականգնման ընթացքի մասին։ Գրառմանը կցվել է լուսանկար, որում պատկերված է աստիճաններով իջնող Նավալնին։

«Եկեք պատմեմ, թե ինչպես է ընթանում իմ վերականգնումը։ Սա արդեն հստակ ճանապարհ է, չնայած եւ դեռ հեռավոր։ Այն բոլոր ընթացիկ խնդիրները, ինչպես այն, որ հեռախոսն իմ ձեռքին քարի պես անօգուտ է, իսկ վրաս ջուր թափելը վերածվում է մի ամբողջ ատրակցիոնի, միանգամայն չնչին բան են։

Բացատրեմ։ Բոլորովին վերջերս ես մարդկանց չէի ճանաչում եւ չէի հասկանում՝ ինչպես խոսել։ Ամեն առավոտ ինձ մոտ էր գալիս բժիշկը եւ ասում՝ Ալեքսեյ, ես գրատախտակ եմ բերել, եկեք մտածենք, թե դրա վրա ինչ բառ գրենք։ Դա ինձ հուսահատության էր մատնում, որովհետեւ չնայած ընդհանուր առմամբ հասկանում էի, թե բժիշկն ինչ է ուզում, բայց չէի հասկանում, թե բառերը որտեղից վերցնեմ։ Գլխի ո՞ր մասում են դրանք առաջանում։ Որտե՞ղ գտնել բառը եւ ինչպե՞ս անել, որ այն ինչ-որ բան նշանակի։ Այս ամենը հաստատապես անհասկանալի էր։ Ի դեպ, ես չգիտեի նաեւ, թե ինչպես արտահայտեմ իմ հուսահատությունը, ուստի ուղակի լռում էի։ Եվ սա, ինչը նկարագրում եմ, ուշ փուլն է, որը ինքս հիշում եմ։

Հիմա ես տղա եմ, որի ոտքերը դողում են, երբ նա աստիճանների վրա է, փոխարենը նա մտածում է․ «Օ՜, սա, ախր, աստիճան է։ Դրանով բարձրանում են։ Պետք է, թերեւս, վերելակը գտնել»։ Իսկ առաջ ուղղակի բթամտորեն կկանգնեի եւ կնայեի։

Այնպես որ, դեռ շատ խնդիրներ է պետք լուծել, բայց Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայի զարմանալի բժիշկները լուծել են գլխավորը։ Նրանք ինձ «տեխնիկապես ողջ մարդուց» վերածել են նրան, ով բոլոր հնարավորություններն ունի կրկին դառնալու Ժամանակակից Հասարակության Բարձրագուն Ձեւի Էակ՝ մարդ, որը կարողանում է արագ թերթել ինսթագրամը եւ առանց մտորելու հասկանում է, թե «լայքերը» որտեղ դնի»,- գրել է Ալեքսեյ Նավալնին։