ԱՄՆ արտոնագրերի եւ ապրանքային նշանների գրասենյակը (USPTO) գրանցել է մարդատար ավտոմեքենաների եւ ամենագնացների համար Warthog ապրանքային նշանի Ford-ի հայտը, գրում է Motor-ը:

Ford ընկերությունը ԱՄՆ արտոնագրային գրասենյակում գրանցել է Warthog ապրանքային նշանը, որը, ըստ հայտի, կարող է օգտագործվել որպես մարդատար մեքենաների, ամենագնացների ու պիկապների անվանում: Motor Trend հրատարակությունը, վկայակոչելով ամերիկյան կոնցեռնում իր սեփական աղբյուրներին, պնդում է, որ ամենայն հավանականությամբ Ford-ը արտոնագրել է նոր ամենագնացի անունը, որը կդառնա Bronco մոդելի էքստրեմալ տարբերակը: Մեծ հավանականությամբ «լիցքավորված» Bronco-ն կկոչվի Warthog, այլ ոչ թե Predator, իսկ Raptor անունը կմնա Ford պիկապների մենաշնորհը:

Այս վարկածի օգտին է խոսում նաեւ բարձրորակ Bronco մոդիֆիկացիայի նախատիպերին բնորոշ ռադիատորի ցանցի բացակայությունը: Ford Bronco նախագծի ղեկավար Էրիկ Լոֆլերը վերջերս բացառել է Bronco-ի ութ մխոցանի տարբերակի ստեղծման հնարավորությունը` արտանետումների ստանդարտների խստացման եւ ամենագնացների պոտենցիալ տերերի կողմից V8-ի հանդեպ հետաքրքրության բացակայության պատճառով։ Ըստ նրա, հաճախորդների մեծամասնությանը չի հետաքրքրում, թե քանի մխոց է ավտոմեքենայում, եթե շարժիչը բավարար ուժ, պտտող պահ եւ խնայողություն ունի: