SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում:

«Սևանի» գաղութի աշխատակիցները կեսօրին նկատել են, որ սև գույնի կատուն մտել է քրեակատարողական հիմնարկի տարածք, սակայն իրենց փորձառության շնորհիվ նկատել են, որ կատվի պարանոցին կասկածելի վզկապ կա:

Գաղութի աշխատակիցները տարբեր միջոցներ գործադրելով, կարողացել են կատվին բռնել:

Պարզվել է, որ կատուն եղել է վարժեցված, իսկ պարանոցին առկա է եղել թմրամիջոցներ թաքցնելու համար ինքնաշեն եղանակով պատրաստված սև գույնի կաշվենման վզկապ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, զննությամբ կատվի պարանոցին ամրացված վզկապի մեջ հայտնաբերվել է «Բիլայն» տեսակի՝ թվով 4 հատ բաժանորդային քարտ, ինչպես նաև 10 հատ առանձին փաթեթներ, որոնցից 8-ում հայտնաբերվել է 2,2 գրամից մինչև 2,3 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված:

Մեկ այլ փաթեթում հայտնաբերվել է 4,3 գրամ ընդհանուր քաշով «շոկոլադկա» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ-շագանակագույն, մանրացված զանգված:

Իսկ տասներորդ փաթեթում հայտնաբերվել է 15,1 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ շագանակագույն կոշտ զանգված:

Գ. Շամշյանի տեղեկություններով, հայտնաբերվածը ամբողջությամբ փաթեթավորվել է, փաստի առթիվ էլ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում: