«Ֆլորենս» ռեստորանային համալիրում այս պահին մեկնարկել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի դստեր  հարսանեկան արարողությունը։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

Հարսանիքին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի հետ։

Ներկա են նաեւ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը, որոնք դրսում, մինչ Փաշինյանի ժամանելը, ջերմ զրուցում էին։

Քիչ առաջ  վրացական (ER 005 IK) պետհամարանիշներով,թանկարժեք Porsche Panamera -ով այստեղ ժամանեց նաեւ երգիչ Էրիկը, ով, ամենայն հավանականությամբ, արարողության երգիչներից մեկն է։ Մենք նկատեցինք նաեւ դերասան Ռաֆայել Երանոսյանին, ով էլ, ըստ ամենայնի, «թամադայություն» կանի։

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը այս տարվա մայիսին էր  ազատվել  Արցախի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

Մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինի ընթացքում հանրային միջացոռումներ կարելի է անցկացնել մինչև 60 հոգով, հավաքներ իրականացնել՝ հակահամաճարակային կարգի պահպանմամբ։

Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն սահմանափակումներով․ տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ՝ ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պետք է անցկացվեն 60-ից ոչ ավելի անձի մասնակցությամբ։

Մենք մոտավորապես 50 և ավելի կայանված  ավտոմեքենա հաշվեցինք ռեստորանային համալիրի դիմաց և ռեստորանի ավտոկայանատեղիներում, վերնախավի թանկարժեք ավտոմեքենաները կայանված էին հիմնականում երկրորդ հարկում։ Իրականում դժվար է ասել, թե հյուրերի թիվը արդյոք գերազանցում է 60-ը, թե ոչ, թեպետ գեներալ Աղաջանյանը  իր աչքի առաջ ունենալով գենշտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքն ու այս դեպքում արդեն անձամբ Փաշինյանի ներկայությունը, դժվար թե 60 հոգուց ավելի «մարդ կանչեր»։