1999-2017 թվականներին խոշորագույն համաշխարհային բանկերը կասկածելի բնույթի  բազմաթիվ գործարքներ են կատարել եւ ավելի քան 2 տրլն դոլարի գումար լվանալու գործում օժանդակել հաճախորդներին, այս մասին վկայում են հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) եւ BuzzFeed News պարբերականի տրամադրության տակ հայտնված տվյալները, փոխանցում է «Փրայմը»։ 

Հետաքննությունը հիմնված է «կասկածելի գործարքների վերաբերյալ» ավելի քան 2,1 հազար հաշվետվությունների վրա (SAR), որոնք բանկերը ներկայացրել են ԱՄՆ ֆիննախի ստորաբաժանմանը՝ FinCEN (ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն)։ Այս «գաղտնի» տեղեկությունները ստացել է BuzzFeed պարբերականը, իսկ այնուհետեւ փոխանցել ICIJ կազմակերպությանը։ Լրագրողների կոնսորցիումը 88 երկրներում ավելի քան 400 լրագրողներից կազմված թիմ է ստեղծել, որոնք հետաքննություն են անցկացրել եւ վերլուծել փաստաթղթերը։

Հետաքննության մեջ նշվում է, որ համաշխարհային մակարդակի 5 բանկեր՝ JPMorgan-ը, HSBC-ն, Standard Chartered Bank-ը, Deutsche Bank-ը եւ Bank of New York Mellon-ը, ապօրինի դրամական միջոցների վիթխարի գումարներ են ուղարկել «կասկածելի անձանց» եւ «քրեական ցանցերին, որոնք աշխարհում քաոս են սերմանում եւ խափանում ժողովրդավարությունը»։ Բանկերն, իբր, «հզոր եւ վտանգավոր խաղացողներից» շարունակել են շահույթ ստանալ նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները նրանց տուգանել են։

«Կոնսորցիումի վերլուծության համաձայն՝ փաստաթղթերում հաղորդվում է, որ 1999-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացվել են ավելի քան 2 տրլն դոլարի գործարքներ, որը ֆինանսական հաստատությունների ներքին վերահսկողության աշխատակիցները նշել են որպես փողի հնարավոր լվացում կամ այլ հանցավոր գործունեության վարում»,- նշված է հետաքննության մեջ։

Ընդհանուր գումարից 514 մլրդ դոլարը բաժին է ընկնում JPMorgan բանկին, իսկ 1,3 տրլն դոլարը՝ Deutsche Bank-ին։ Պնդվում է, որ բանկերը բազմիցս խախտել են «օրինակելի վարքագծի» վերաբերյալ իրենց խոստումները։ Նրանք կարող էին լվանալ անօրինական գործունեությունից ստացած միջոցները, մասնավորապես՝ հարկային խարդախություն, թմրանյութերի վաճառք եւ հանցագործությունների կատարում։ Բանկերը երբեմն գործել են նաեւ պատժամիջոցները խախտելով եւ հաճախորդներին օգնել են դրանք շրջանցել։

«Բանկերը որոշ դեպքերում շարունակել են ապօրինի դրամական միջոցներ փոխանցել նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները նրանց նախազգուշացրել են, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում կսկսվի, եթե չդադարեն գործեր վարել ավազակների, խարդախների կամ կոռումպացված ռեժիմների հետ»,- շեշտել են մասնագետները։

Հետաքննության մեջ նշվում են Վենեսուելայից, Չինաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Աֆրիկայի երկրներից եւ այլ պետություններից բիզնեսմենների անուններ։