Այսօր մեր հանրությունը շատ խոցելի է. կարող է մեկը դրսից նպատակով ասել՝ Ղարաբաղը ծախել են եւ Հայաստանում փոթորիկներ կբարձրանան: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ներկայացնելով ռազմավարությունը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում Հայաստանի ներսում գտնվող հիմա արդեն հայտնի շրջանակների միջոցով»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ռազմավարության մեգանպատակներից է մաքուր եւ կանաչ Հայաստանի ապահովումը. «Ապահովել շրջակա միջավայրի համատարած զանգվածային պահպանությունն ու առողջացումը՝ բնական պաշարների սահմանափակ եւ պատասխանատու օգտագործումն ու ամբարումը՝ ի շահ հետագա սերունդների: Սա չի նշանակում, որ ՀՀ-ում հանքարդյունաբերություն չպետք է լինի: Սա նշանակում է, որ ՀՀ-ում լինելու է բարձր ստանդարտի հանքարդյունաբերություն:

Այսօր ճգնաժամի պատճառով զբոսաշրջությունը գրեթե զրոյի է հավասարվել եւ եթե չունենայինք հանքարդյունաբերությունը, շատ խորը կոլապսի մեջ կլինեինք: