Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ներկայացնող փաստաբանները դատի են տվել հունական «Ժողովրդավարություն» թերթին` անցյալ շաբաթ հրապարակված իր հասցեին վիրավորական վերնագրով հոդվածի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Yeni Safak-ը:

«Մեր նախագահի հասցեին թերթում օգտագործված արտահայտությունները ցուցադրում են բարոյականության ամենազզվելի անկումը: Եվ եթե նայեք հունական հասարակության լռությանը, պարզ կդառնա, որ այդ անկումը դուրս է եկել իր լուսանցքային շերտերի սահմաններից»,- նշվում է դատարան ներկայացված հայցում:

Դրանում նշվում է նաեւ, որ «վիրավորանքները նրանց լեզուն է, ով չի կարող այլ բառեր գտնել, եւ խայտառակություն է նրանց համար, ով դրանք արտասանում է, այլ ոչ թե` նրա համար, ում դրանք ուղղված են»:

Հունական «Ժողովրդավարություն» թերթի սեպտեմբերի 18-ի համարը լույս էր տեսել առաջին էջով, որի վրա մեծ տառերով թուրքերենով Էրդողանին ուղղված անպարկեշտ կոչ էր գրված: Ընթերցողների համար, ովքեր թուրքերեն չգիտեն, խմբագիրները բացատրական տողատակ էին արել անգլերեն թարգմանությամբ:

Ուրբաթ օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը վիրավորական հրապարակման պատճառով իր մոտ էր կանչել Անկարայում Հունաստանի դեսպան Մայքլ-Քրիստոս Դիմեսիսին: Այս մասին հայտնել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն: Նա նաեւ շեշտել էր, որ վիրավորանքները չի կարելի արդարացնել խոսքի ազատությամբ:

Հրապարակումը դատապարտել էր Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը, ով նշել էր, որ վիրավորական լեզուն հակասում է հունական հասարակության արժեքներին: