Պերուի ազգային ոստիկանության դեսանտային ստորաբաժանումը` թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի դատախազության ուժերի հետ միասին, հատուկ օպերացիա է իրականացրել, որի արդյունքում Պերուի Այակուչո շրջանում 433 կգ կոկաին է հայտնաբերվել, հաղորդում է Gazeta-ն` վկայակոչելով Comercio-ն:

Նշվում է, որ թմրանյութը հայտնաբերվել է Ուանտա նահանգի Ռոսարիո Սանտիլյանա բնակավայրի շրջակայքում:

Նախօրեին Կուսկոյում` Պիչաս գետի ափին, մեկ այլ հատուկ օպերացիայի ընթացքում 1.5 տոննա կոկաին էր առգրավվել: Ուժայինները ձերբակալել էին 15 ենթադրյալ մեղադրյալի:

Աշխարհի կոկայի տնկադաշտերի ավելի քան 90 տոկոսը կենտրոնացած է այսպես կոչված «Անդյան թմրանյութերի եռանկյան» մեջ, որն ընդգրկում է Կոլումբիան, Պերուն եւ Բոլիվիան: