Թուրքիայի, Ադրբեջանի նախագահները, ինչպես նաեւ երկու երկրների արտգործնախարարները, նրանց ռազմական վերնախավը շատ ակտիվ կերպով անցկացնում են ռազմական սադրանքների հնարավոր վերականգնման տեղեկատվական նախապատրաստություն։ Եվ սա դեռ անչափ մեղմ է ասված։ Այս մասին սեպտեմբերի 22-ին ԱԺ-ում ավանդականն ճեպազրույցների ժամանակ ասաց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նրա խոսքով՝ այն հայտարարությունները, որոնք վերջին օրերին լսվում են, մի կողմից մտահոգություն են հարուցում, իսկ մյուս կողմից՝ մեզ կարող են անհեթեթ թվալ։ «Այս հայտարարությունները շատ հստակ տեղավորվում են հնարավոր սադրանքներին նախապատրաստվելու տրամաբանության մեջ»,- ասաց Աբովյանը՝ հիշեցնելով, որ անցյալ ամիս Թուրքիան եւ Ադրբեջանը Նախիջեւանի տարածքում անցկացրել են համատեղ լայնածավալ զորավարժություններ։ Պատգամավորը նշեց, որ թուրքական ստորաբաժանումների մի մասը մնացել է Նախիջեւանում։ Դրանից բացի, այնտեղ է մնացել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, նույնիսկ ռազմական ավիացիա։

Պատգամավորը նաեւ նշեց, որ արաբական եւ եվրոպական մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ Թուրքիան ակտիվորեն Ադրբեջանի տարածքում է տեղակայում իսլամիստ զինյալներին եւ ահաբեկիչներին։ «Ադրբեջանցի առաջնորդի վերջին հայտարարությունը ոչ մի կապ չունի բանակցային գործընթացի հետ։ Ադրբեջանի ղեկավարությունն այսօր պատերազմ է հրահրում եւ այդ ուղղությամբ շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում։ Իսկ այսօր իրավիճակն արմատապես այլ է։ Թուրքիան առաջին անգամ չի բացառում եւ չի հերքում այդ գործընթացում իր ռազմական ներկայությունը, հակառակը՝ հստակ եւ ուղիղ հայտարարում է այն մասին, որ մասնակցելու է նախատեսվող գործընթացներին»,- հավելեց քաղաքական գործիչը։

Արման Աբովյանը կարեւոր է համարում, որ Հայաստանն առաջին հերթին հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով այս հարցը բարձրացնի բոլոր հնարավոր եւ անհնար միջազգային խողովակներով, բոլոր հարթակներում։