Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սպասվող հերթական ռաունդին Բաքուն մոտենում է սովորական մարտավարությամբ՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերականգնման սպառնալիքով։ Կարելի է ասել, որ այս մարտավարությունն ավանդական է, բայց չի կարելի չնշել, որ այս անգամ տեղեկատվական հարձակումը շատ ավելի ծավալուն է, քան նախկինում է եղել։ Այս մասին գրում է «Գոլոս Արմենի» պարբերականը՝ թեման զարգացնելով։

«Ի պատասխան միջնորդների կոչերի՝ սկսել համավարակի պատճառով ընդհատված առարկայական բանակցությունները, Ալիեւն իր վերջին հարցազրույցում հայտարարում է, որ բանակցությունները փաստացի խափանվել են, դրա համար մեղավոր է Նիկոլ Փաշինյանը, եւ ինքը, Ալիեւը, մտադիր չէ մասնակցելու իմիտացիոն եւ ձեւական բանակցությունների։

Նշենք, որ եթե նախկինում Ալիեւի հռետորաբանությունը պարզապես ագրեսիվ էր, հիմա հավելվել են նաեւ Հայաստանի վարչապետի նկատմամբ քամահրական նոտաներ, ինչը Ալիեւն իրեն թույլ չէր տալիս Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Օրինակ՝ հետեւյալ հատվածը․ «Հայաստանի վարչապետն առաջադրում է 7 պայման։ Դու ո՞վ ես, որ մեզ պայմաններ առաջադրես։ Եթե մենք ցանկանանք նրան պայմաններ առաջադրել, ապա նրա քաղաքական կյանքը երկար չի տեւի։ Ես ասել եմ, որ մենք մերժել ենք այդ անիմաստ պայմանները։ Մենք մեկ պայման ունենք․ նրանք պետք է ամբողջությամբ եւ առանց որեւէ պայմանի մեր հողերից չքվեն»։ Ալիեւն իր դիրքորոշումն այսպես է փաստարկում․ «Երկու տարի առաջ, երբ Հայաստանում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, Ադդրբեջանը դրան չեզոք վերաբերվեց։ Այսինքն՝ մենք չէինք պատրաստվում իրավիճակից օգտվել եւ ինչ-որ բանի հասնել։ Մենք ապրում էինք հույսով, որ նոր կառավարությունը կուղղի նախկին սխալ քաղաքականությունը։ Այս միտքն է՛լ ավելի ամրապնդվեց Դուշանբեում Հայաստանի վարչապետի հետ իմ հայտնի հանդիպումներից հետո։ Այդ ժամանակ ինձ խնդրեցին նրանց ժամանակ տալ՝ իբր, Հայաստանում ներքին իրավիճակը բարդ է, ծանր, նախկին կառավարության ներկայացուցիչները ցանկանում են ռեւանշի հասնել, եւ դա շատ բացասաբար կանդրադառնա բանակցային գործընթացի վրա, բայց նրանք բանակցությունների հակված են, ցանկանում են այս հարցը լուծել։ Խնդրեցին ամրապնդել հրադադարի ռեժիմը։ Իսկ իմ խոսքն այն էր, որ մենք պետք է լուրջ բանակցություններ վարենք, եւ այդ դեպքում, իհարկե, հրադադարի ռեժիմը կլինի ավելի հուսալի»։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ այդ հանդիպումից հետո երկու կողմերը պայմանավորվածության համաձայն կատարեցին առանձին հայտարարություններ․ «Այդ հայտարարությունների էությունն այն էր, որ մենք հանդիպել ենք, այսինքն՝ ունեցել ենք ոչ պաշտոնական հանդիպում, պայմանավորվել ենք արագացնել բանակցային գործընթացը եւ ամրապնդել հրադադարի ռեժիմը, քանի որ այս երկու դիրքերը միշտ պետք է միացնել։ Հակառակ դեպքում դա կնշանակեր ստատուս քվոյի ամրապնդում, իսկ մենք դրան ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել… Ես խոսքս պահեցի, իսկ նա խախտեց»։

Այսպիսով, Ալիեւը որոշել է հրապարակայնացնել երկու տարի առաջ Դուշանբեում իր եւ Փաշինյանի միջեւ «վերելակային պայմանավորվածությունները»։ Իհարկե, իր համար շահեկան կտրվածքով։ Սակայն Բաքվի շանտաժը չի արտահայտվում միայն Իլհամ Ալիեւի «սենսացիոն» անկեղծացմամբ։ Տեղեկատվական հարձակումը, որը պետք է վկայի նոր էսկալացիա սկսելուն Բաքվի պատրաստականության մասին, արտահայտվում է նաեւ մշտական հայտարարություններում Հայաստանի կողմից ադրբեջանական բնակավայրերը, քաղաքացիական անձանց, շփման գծին մերձակա ենթակառուցվածքների օբյեկտները իբր գնդակոծելու, հայկական կողմից «հետախուզական-դիվերսիոն գործունեություն» անցկացնելու եւ այլնի մասին։ Ընթացքում նաեւ հին քարոզչական թեզեր այն մասին, որ Մինսկի խումբը չի կարող կատարել իր դերը եւ նոր քարզչություն՝ իբր Քրդական Աշխատավորական կուսակցությունից քրդերին Հայաստանի կողմից ներգրավելու մասին՝ Ադրբեջանի դեմ դիվերսիաներ անցկացնելու համար։ Վերջին թեզն ակնհայտորեն նպատակ ունի արդարացնելու Ադրբեջանի տարածքում թուրք զինվորականների ներկայությունը։

Պատկերը լրացնում են ԱԳՆ ղեկավարի պաշտոնից «բանակցող» Մամեդյարովի ազատումը եւ Պետծառայության որոշումը մոբիլիզացիայի մասին եւ Ադրբեջանի կոչը  պահեստազորի տարբեր մասնագիտության զինապարտներին մարզական հավաքների զորակոչելու մասին։

Եթե հաշվի չառնենք Հայաստանում քննարկումները համազգային աշխարհազորի ձեւավորման հնարավորության մասին եւ Աննա Հակոբյանի կամուֆլյաժով տեսասեսիան, պաշտոնական Երեւանը հանդես է բերում զսպվածություն։ Երկրի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հիմա խորհրդակցություններ են ընթանում Մինսկի խմբի միջնորդների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման շուրջ։ Անդրադառնալով հանդիպման հավանական ժամկետներին՝ Մնացականյանը նշել էր․ «Մենք պատրաստ ենք դա անել շատ արագ»։ Իսկ Իլհամ Ալիեւի հայտարարությունը Մնացականյանը չէր մեկնաբանել՝ հայտարարելով, որ «այն անչափ էմոցիոնալ էր»․․․

Հավելենք, որ սեպտեմբերի 21-ին Աստրախանի «Կապուստին Յար» զորավարժարանում մեկնարկել են «Կավկազ-2020» ծավալուն զորավարժությունները։ Հայաստանը մասնակցում է դրանց։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք՝ «Գոլոս Արմենի» պարբերականում։