Իշխանությունը փորձում է ստեղծել սեփական ընդդիմություն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Իշխանությունը դժգոհ է այսօրվա ընդդիմությունից եւ իշխանության ներկայացուցիչները բաց տեքստով ասել են, որ իրենց պետք է նոր որակի ընդդիմություն: Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր՝ այսօրվա ընդդիմության նման որակ ՀՀ-ում որեւէ ընդդիմություն չի ունեցել, հետեւաբար, Նիկոլ Փաշինյանին պետք է ոչ թե որակյալ, այլ անորակ ընդդիմություն:

Երկրորդ, Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ընդդիմության մեջ, չգիտես ինչու, բոլորն արեւմտամետ են: Բոլորը շաղկապվածություններ ունեն եւ չեն էլ թաքցնում իրենց գեոպոլիտիկ շահերը: Նիկոլ Փաշինյանին պետք է արեւմտամետ ընդդիմություն, եւ նրանք սկսել են բուծել այդ ընդդիմությանը: Փորձում են բրոյլերային հավերի նման հորմոնների վրա նստացվել, որպեսզի, այսպես կոչված, նոր ընդդիմությունն արագ աճի, դառնա խաղացող, հանրային կարծիք ձեւավորող եւ այլն, բայց դա այնքան կեղծ է, որ մեր հանրությունը այսօր չի գնացել այդ պրոյեկտի հետեւից:

Նիկոլ Փաշինյանը փորձում է տիրանալ ընդդիմությանը, ինչը գործող ընդդիմադիր դաշտի տեսանելի այսօրվա առաջատարների դեպքում անհնար է»,-ասաց Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ ընդդիմադիր ուժերը պետք է ձեւավորեն քաղաքական օրակարգ, որպեսզի կուտակված սոցիալական դժգոհությունները կարողանան վերածվել քաղաքական գործընթացների: