«Իմ քայլը» դա այն խմբակցությունն է, որտեղ բոլոր հարցերի շուրջ միշտ բանավեճ ծավալվում է, բացառություն չի եղել ՍԴ դատավորների հարցը թե սկզբունքների, թե կոնկրետ թեկնածուների մակարդակում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Դիտարկմանը, որ «Իմ քայլում» ՍԴ դատավորների ընտրության հարցի շուրջ թեժ բանավեճ է եղել եւ անգամ բանը հասել է նրան, որ ինքը մանդատը դնելու մասին է հայտարարել, Համազասպ Դանիելյանն ասաց. «Ինչ վերաբերում է մանդատը դնելու մասին, դա լրատվամիջոցի հորինվածքն է: Ես շատ պարզ, հստակ գիտեմ, թե որ պարագայում պատրաստ կլինեմ հետ կկանգնել այն հանձնառությունից, որը ստանձնել եմ: Այդ պահը չի եկել»:

Հարցին, թե ինչպիսի՞ն է իր տեսակետը ՍԴ նոր դատավորների մասին, նա պատասխանեց. «Ասյտեղ կարեւոր հանգամանքն այն է, որ ՀՀ-ում անորոշ ժամանակով հետաձգումը հղի էր լուրջ ռիսկերով: Պետք է հաշվի առնենք համատեքստը, իսկ համատեքստն այն է, ուր ՍԴ կազմը պետք է համալրվեր եւ համալրվեր այն սկզբունքների համաձայն, որի մասին խոսել ենք գործընթացի կողմից, այսինքն ՍԴ դատավորները պետք է համապատասխանեն 2015-ի Սահմանադրության եւ մենք անորոշ ժամանակով չէինք կարող հետաձգել այդ հարցը»:

Հարցին, թե արդյոք օրինակ, Երվանդ Խունդկարյանին ՍԴ դատավոր ընտրելով ՍԴ-ի հանդեպ հանրային  վստահությունը վերականգնվելու է, Համազասպ Դանիելյանն արձագանքեց. «Ժամանակը ցույց կտա այս ընտրության արդյունավետությունը»:

Դիտարկմանը, որ շատերի պնդմամբ ՍԴ այս կազմով ՍԴ-ում ճգնաժամն ավելի է խորացել, պատգամավորն ասաց. «Ճգնաժամ ասելով տարբեր մարդիկ տարբեր ընկալումներ ունեն»: