Հայաստանում համակարգը դեռեւս պատրաստ չէ «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին սոցիալական ծառայություններ մատուցելուն։ Այս մասին սեպտեմբերի 22-ին ԱԺ արտահերթ նիստում «Սոցիալական օգնության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխությունների կատարելու մասին օրինագծերի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա միաժամանակ շեշտեց, որ գաղափարը որոշակիորեն ընդունելի է, քանի որ իրենց կուսակցությունը եւս բազմիցս խոսել է «մեկ պատուհանի» սկզբունքի հաստատման անհրաժեշտության եւ կարեւորության մասին, որ քաղաքացիները ստիպված չլինեն մեկ խնդրի լուծման համար դիմելու տասնյակ կառույցների։ «Սակայն բազմաթիվ հարցեր են ստացվում ինչպես սոցիալական ծառայություններից, այնպես էլ քաղաքացիներից։ Օրինակ՝ սահմանափակ հնարավորություններով մարդիկ դիմել են ինձ, որպես Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի, ասելով, որ միասնական կառույց ստեղծելու դեպքում իրենք ինչպե՞ս են, օրինակ, կարողանալու Ավանից քաղաքի մեկ այլ ծայրը հասնել, որ օգտվեն «մեկ պատուհանի» սկզբունքից»,- պարզաբանեց պատգամավորը։

Զոհրաբյանն, այդուհանդերձ, ընդունեց, որ երկար տարիներ շարունակ այս համակարգը եղել է ամենակոռումպացվածներից մեկը։ «Մահացած մարդիկ տարիներով թոշակ են «ստացել», բայց չարժե ունքը շտկելու փոխարեն աչքը հանել»,- ասաց խորհրդարանականը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Սոցիալական օգնության մասին» օրենքում եւ կից օրենքներում կատարված փոփոխություններին։ Քվեարկության ժամանակ 99 խորհրդարանական միաձայն կողմ քվեարկեց այս օրենսդրական նախաձեռնությանը։ Օրենսդրական փաթեթը նախաձեռնել էր երկրի Կառավարությունը։