Նոյեմբերին Լիտվայում ամերիկյան զորքերի եւ զրահատեխնիկայի նոր կոնտինգենտ կտեղակայվի, բայց դրանց ներկայությունը կապված չէ հարեւան Բելառուսում տիրող իրավիճակի հետ, հավաստիացրել է Լիտվայի  պաշտպանության նախարար Ռայմոնդաս Կարոբլիսը, փոխանցում է Reuters-ը:
Ավելի քան 500 ամերիկացի զինվոր, մոտ 25  Abrams տան եւ մոտ 30 Bradley զրահամեքենա կփոխարինեն այն ռազմական համակազմին, որը Լիտվա էր ժամանել սեպտեմբերի 4-ին` Բելառուսի հետ սահմանին երկու ամիս մնալու համար: Նոր կազմը կմնա մինչեւ 2021 թվականի հունիսի կեսերը:

Կարոբլիսը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականների ժամանումը Լիտվա կապված չէ Բելառուսում տիրող իրավիճակի հետ:

Ըստ Կարոբլիսի` այս ամիս Բելառուսի «ռազմական ակտիվությունը» սահմանին  նվազել է` օգոստոսյան մանեւրների համեմատ: «ԱՄՆ ներկայությունը մեզ հանգստացնում է, դա հզոր զսպիչ միջոց է, սակայն այն կապված չէ կոնկրետ Բելառուսի իրավիճակի հետ, այլ` աշխարհաքաղաքական իրավիճակի հետ այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց իր ագրեսիան Ուկրաինայում եւ Վրաստանում»,- ասել է Կարոբլիսը: