Հունաստանում ակտիվիստներին, ովքեր դեմ են դիմակներ կրելուն, դատական հետապնդում է սպառնում: Ըստ AP-ի, Հունաստանի դատական մարմիններին հանձնարարվել է արագացված դատավարությունների միջոցով շարունակել ակտիվիստների հետապնդումները: Նրանց սպառնում է մինչեւ մեկ տարվա ազատազրկում:

Գերագույն դատարանի դատախազի ցուցումներում կորոնավիրուսի զսպման համար դիմակներ կրելու դեմ պայքարող ակտիվիստները նկարագրվում են որպես սպառնալիք հանրային առողջությանն ու հասարակական կարգին:

Թեեւ Հունաստանում COVID-19 վարակի մակարդակը շարունակում է մնալ ցածր, քան Եվրամիության անդամ այլ երկրների մեծ մասում, օգոստոսի սկզբից երկրում հաստատված դեպքերի կտրուկ աճ է նկատվում:

Դիմակներ կրելու հակառակորդները վերջերս ակտիվացել են ինտերնետում եւ ոչ մեծ ցույցեր են կազմակերպում:

Գերագույն դատարանի դատախազ Վասիլիս Պլիոտասը հայտարարել է, որ դիմակներ կրելու դեմ գործողությունները առաջացրել են «օրինապահ քաղաքացիների հասկանալի մտահոգությունը»:

Պլիոտասն ասել է, որ ինտերնետային հաղորդագրությունները եւ այլ գործողությունները արժանի են հետապնդման՝ օրենքը խախտելու համար քարոզչություն իրականացնելու համար: