Ջոն Լենոնին սպանողը հայտարարել է, որ ինքը փառք էր ուզում եւ արժանի է մահապատժի՝ իր «ստոր» արարքի համար:

Այս մասին Մարկ Դեւիդ Չեփմենն ասել է ի պատասխան պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի հարցերի, որը 11-րդ անգամ մերժել է նրան վաղաժամկետ ազատ արձակել: Ինչպես նախորդ լսումների ժամանակ, այժմ նույնպես 65-ամյա բանտարկյալը ափսոսանք է հայտնել Լենոնի վրա կրակելու համար:

«Ես սպանեցի նրան, քանի որ նա շատ, շատ, շատ հայտնի էր, եւ դա է միակ պատճառը, եւ ես շատ էի ուզում համբավ ձեռք բերել: Դա շատ եսասիրական էր»,- ասել է Չեփմենը, ըստ հրապարակված սղագրության:

Չեփմենն իր գործողություններն անվանել է «նողկալի» եւ «ատելի»: Նա ասել է, որ ամբողջ ժամանակ մտածում է այն ցավի մասին, որը պատճառել է Լենոնի կնոջը՝ Յոկո Օնոյին:

Չեփմենը Լենոնին գնդակահարել էր 1980 թվականի դեկտեմբերի 8-ի գիշերը, երբ նա եւ Օնոն վերադառնում էին Վերին Ուեսթ Սայդի իրենց բնակարան: Ավելի վաղ, նույն օրը, Լենոնը Չեփմենին ինքնագիր էր տվել՝ վերջերս թողարկված Double Fantasy ալբոմի օրինակի վրա: «Նա այդ օրն իսկապես բարի էր իմ հանդեպ»,- ասել է Չեփմենը: «Ես ոչ մի բանի արժանի չեմ: Ես արժանի եմ մահապատժի: Երբ դու միտումնավոր ես պատրաստում ինչ-որ մեկի սպանությունը եւ գիտես, որ դա սխալ է, եւ դա անում ես քո համար, իմ կարծիքով, դա հենց մահապատիժ է»:

Չեփմենը ցմահ ազատազրկման պատիժ է կրում Բուֆալոյից արեւելք գտնվող Վենդեի ուղղիչ գաղութում:

Մերժելով նրա պայմանական վաղաժամկետ ազատումը՝ հանձնաժողովը հայտնել է, որ Չեփմենը «չար արարք» է գործել եւ նրա «ամոթը քեզ փառք է բերում» արտահայտությունը տագնապալի է համարել։