Ամերիկուհին կասկածվում է ամուսնու սպանության մեջ, ում թունավորել է թունավոր սնկերով։ Կատրինա Ֆաութսը եւ Թերի Հոփքինսը մեղադրվում են 50-ամյա Դեւիդ Ֆաութսի սպանության մեջ, հայտնում է The Indianapolis Star-ը։

Այս տարվա ապրիլի 24-ին Դեւիդին մահացած են գտել առվի մեջ։ Նրա կինը չէր հայտնել ամուսնու անհետացման մասին։ Ավելի ուշ սպանության զոհի դիահերձմամբ նրա ստամոքսում սնկի կտորներ են գտել, որոնք թունավոր են ճանաչվել։

Քննիչները հայտարարել են, որ Կատրինա Ֆաութսը չի հայտնել ամուսնու կորելու մասին եւ նրա անհետանալուց հետո առաջին օրերին չի փորձել նրան զանգահարել։ Կատրինայի բջջային հեռախոսում հայտնաբերվել են Google-ում թունավոր սնկերի եւ դեղերի գերչափաքանակի մասին հարցումներ։

Պարզ չէ՝ Դեւիդ Ֆաութսին արդյոք բռնի՞ են կերակրել, թե՞ մտացածին պատրվակով ուտելու համար թունավոր սնկեր են տվել։ Նրա ձեռքին, սակայն, կտրվածքներ են հայտնաբերվել։

Քննիչներն ասում են, որ Դեւիդի ստամոքսի մեջ հայտնաբերված մուսկարինը, սնկերի մեջ պարունակվող թույն, սովորաբար անհնար է հայտնաբերել 72 ժամ հետո։

Ընտանիքի բարեկամ եւ ոստիկանության նախկին սպա Թերի Հոփքինսը նույնպես մեղադրվում է Դեւիդ Ֆաութսի սպանությանն օժանդակելու մեջ։