Ֆրանսիան աջակցել է Լիբանանի կառավարության ձեւավորման վերաբերյալ երկրի նախկին վարչապետ Սաադ ալ Հարիրիի առաջարկին, որը Լիբանանը դուրս կբերի 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենավատթար ճգնաժամից, փոխանցում է AFP-ն։

Փարիզը լիբանանցի քաղաքական գործիչների վրա ճնշում է գործադրում կառավարության արագ ձեւավորման նպատակով, բայց գործընթացը փակուղի է մտել Լիբանանի երկու հիմնական շիական կուսակցությունների պահանջի պատճառով՝ մի քանի նախարարների, այդ թվում ֆինանսների նախարարին նշանակելու մասին։

Սաադ ալ Հարիրին առաջարկել է, որ վարչապետ Մուսթաֆա Ադիբը ֆինանսների նախարար նշանակի «անկախ» շիա թեկնածուի։

Առայժմ պարզ չէ՝ այս գաղափարին արդյոք կաջակցե՞ն երկու հիմնական շիական կուսակցությունները՝ «Հիզբոլլահը» եւ նրա դաշնակից «Ամալ շարժումը»։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է Հարիրիի «համարձակ հայտարարությունը»։ «Այդ հայտարարությունը հնարավորություն է ներկայացնում, եւ բոլոր կողմերը պետք է հասկանան դրա կարեւորությունը, որ հնարավոր լինի կառավարության ձեւավորումը»,- նշված է հայտարարության մեջ։

Ֆրանսիան հայտարարել է, որ Լիբանանին կործանում է սպառնում, եթե քաղաքական գործիչները կառավարություն չձեւավորեն։