ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը նշանակվել է սեպտեմբերի 25-ին, ժամը 10:00-ին: Այս մասին հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Նիստի հետաձգման պատճառը մեղադրյալ Գ. Ծառուկյանի եւ նրա պաշտպանների չներկայանալն է հանդիսացել, չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 17-ին եւ 18-ին դատարանը ծանուցումներ է ուղարկել Գ. Ծառուկյանին եւ նրա փաստաբաններին, էլեկտրոնային փոստով ծանուցում է ուղարկել պարոն Ծառուկյանի ԱԺ պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեին, բացի այդ հեռախոսային կապի միջոցող հավելյալ տեղեկացրել է նիստի օրի, ժամի մասին, ինչպես նաեւ վայբեր ծրագրի միջոցով փոխանցել տեղեկատվությունը, որով ուղարկված տեղեկատվության ստանալը ծրագիրը հաստատել է: Սեպտեմբերի 22-ին դատարանի աշխատակազմը, փաստաբանի հետ հեռախոսազրուցի ընթացքում, հիշեցրել է այսօրվա նիստի մասին:

Այսօր՝ 11:00-ին մեկնարկած նիստի ընթացքում, դատարան ներկայացած դատավարության մասնակիցները միջնորդել են դատարանին քննությունն իրականացնել մեղադրյալի եւ պաշտպանների բացակայությամբ, սակայն, դատարանը հաշվի առնելով հարցի կարեւորությունը, որոշում է կայացրել միջնորդության քննությունը հետաձգել սեպտեմբերի 25-ին, եւս մեկ անգամ պաշտպանության կողմին ծանուցելու համար»։