Հունիսի 5-ին երբ ելույթ ունեցա, ասացի՝ վիճակը ծանր է, հարկավոր է քայլեր կատարել ժողովրդի կողքին կանգնել, սակայն իմ ասելուց հետո էլ ոչ մի քայլ չեն կատարել. կառավարիչներն անփորձ են։ Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորք վարչական շրջանի տարածքային կառույցի պատասխանատուների եւ համակիրների հետ հանդիպմանն ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Արտակարգ իրավիճակ է, մարդիկ չեն կարողանում իրենց տունը պահել, տնտեսական շրջանառությունը 25-40 տոկոս պակասել է, մարդիկ վարկի տակ են, չեն կարողանում վարկը փակել։ Փոքր ու միջին բիզնեսը, որը պետության ողնաշարն է, ուզում են ամբողջովին վերացնել, որ մարդիկ մնան անտուն, անգործ։ Առեւտուր չկա, գործ չկա, տուրիզմ չկա, շրջանառություն չկա։ Բանկերը թող իրենց շահույթը պակասեցնեն, պետությունն էլ սուբսիդավորի. 2020 թվականի սպառողական, ուսանողական, գյուղատնտեսական վարկերը։ Ուսանողի վարձն այս տնտեսական ճգնաժամի ժամանակ ավելացնում են. եղբայր, հո ժողովուրդը քո թշնամին չի՞։ Պետությունը բյուջեից ուսանողի վարձը վճարի, մնացածն էլ ծնողը տա»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։

Ծառուկյանի խոսքով՝ իր այս հայտարարություններին որեւէ մեկը չի հակադարձել. «Ասում եմ՝ թող ցանկացած տնտեսագետ, կառավարիչ ասի՝ Ծառուկյանը ճիշտ չի ասում. ոչ մի բան չեն հակադարձում, միայն ֆեյքերով ու դատարկ-դատարկ խոսելով, անպատվելով։ Այս երկրի ծոցից հելած մարդ ենք, ժողովրդի հետեւից հեղափոխության ժամանակ ման էինք գալիս՝ խնդրելով ժողովրդին մեր կողքը կանգնել։ Աշխարհում նման բան չկա, որ ուսանողը 21-րդ դարում ստանա 18 բալ, սակայն դուրս մնա համալսարանից։ Ծրագիրը սխալ են կազմել, մարդկանց թյուրիմացության մեջ են գցել»։

Նա անդրադարձել է նաեւ գույքահարկի ավելացմանը. «Եթե Երեւան քաղաքում տալիս էին 12 հազար դրամ, իմացեք, հիմա դարձրել են 120 հազար դրամ։ Եղբայր, երբ ժողովրդի վիճակը կլավանա, աշխատավարձը կբարձրանա, իրավունք ունեք բարձրացնելու։ Էսօր ժողովրդին շատ բան պետք չի. չնչին ուշադրություն՝ այս վիճակից դուրս գաու համար»։

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիների խնդրի լուծման համար ԲՀԿ նախագահը նշեց, որ պետք է բանակցել Վրաստանի հետ. «Էդքան շնորհք չունեն, որ հարեւան պետության հետ պայմանավորվեն, ասեն՝ իմ քաղաքացին է, մենք հարեւան պետություններ ենք, ուզում ես թեստավորել, թեսստավորի ու ուզում եք՝ տրանսպորտով կազմակերպեք, շարասյուն թող լինի, որ շփում չլինի, թող անցնի տարածքից»։

Ծառուկյանը կրկին անդրադարձավ պետական պարտքի ավելացմանը. «Ինչ եկել է իշխանության՝ պետությունը 1 միլիարդ 400 միլիոն դոլար պետական պարտքն ավելացել է։ Երկրները որ պարտքով գումար են վերցնում, տալիս են իրենց ժողովրդին։ 1 միլիարդ էլ վերցնենք ու մեր ժողովրդին՝ ամեն մեկին 3 հազար դոլար տանք»։