WhatsApp-ում հայտնվել է Expiring Media նոր գործառույթը, որը թույլ է տալիս ժամանակավոր մեդիաֆայլեր ուղարկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով WeBetaInfo-ն:

Նորամուծությունն օգտատերերին հնարավորություն կտա նկարներ, տեսանյութեր կամ անիմացիաներ ուղարկել, որոնք ակնթարթորեն կվերանան ստացողի մոտ ֆայլը բացելուց եւ չաթից դուրս գալուց հետո: Ենթադրվում է, որ այս գործառույթն օգտակար կլինի, երբ ուղարկողը ցանկանա կիսվել անձնական մեդիաֆայլերով:

Անհետացող հաղորդագրությունները գրաֆիկորեն կտարբերվեն սովորական հաղորդագրություններից, որպեսզի օգտատերերը չկարողանան շփոթել դրանք:

Գործառույթն արդեն հասանելի է Android սմարթֆոնների հավելվածի բետա տարբերակում, իսկ հետագայում պետք է հայտնվի հիմնական թարմացման մեջ: