Սեպտեմբերի 26-ից 27-ը CyHub Armenia նախաձեռնության շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից Հայաստանում կկազմակերպվի միջազգային և ամբողջությամբ առցանց Capture the Flag կիբեռանվտանգության մրցույթը, որին բացի հայկական թիմերից, կարող են մասնակցել նաև թիմեր ամբողջ աշխարհից:

Մրցույթը կտևի 24 ժամ։ Լավագույն 3 թիմերը կարժանանան դրամական մրցանակների՝ միջոցառման կազմակերպիչների կողմից։

Մրցույթին մասնակցության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։  Հայտադիմումը հասանելի է այստեղ։

«Հաշվի առնելով կարանտինային պայմաններում հնարավոր վտանգները, որոշեցինք մրցույթն ամբողջությամբ առցանց իրականացնել և միջազգային թիմերին նույնպես հնարավորություն տալ մասնակցել։ Չնայած առցանց ձևաչափին՝ կունենանք միջոցառման շապիկներ, սթիքերներ, որոնք, ցանկության դեպքում, կտրամադրվեն տեղացի մասնակիցներին։ Բոլոր ցանկացողները կարող են հետևել միջոցառման հեռարձակմանը, որի ընթացքում կունենանք նաև տարբեր հետաքրքիր հյուրեր:

Հավելեմ, որ հայաստանյան թիմերը կստանան նաև մասնակցության վկայագրեր, որոնք կհանձնվեն մրցույթի ավարտական միջոցառման ժամանակ, որն արդեն կանցկացվի օֆլայն ձևաչափով»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար, CyHub Armenia նախաձեռնության համակարգող Մարի Բարսեղյանը:

Capture the Flag-ը համակարգչային անվտանգության միջազգային ձևաչափի մրցույթ է: Այն նպատակ ունի կրթական վարժությունների և առաջադրանքների միջոցով ապահովել համակարգչի անվտանգությունը, ինչպես նաև իրականացնել և արձագանքել այնպիսի կիբեռհարձակումների, որոնք հնարավոր է, որ պատահեն իրական կյանքում:

CyHub Armenia նախաձեռնությունն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ԵրՄՄԳՀԻ-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ISTC-ի, CISCO-ի և IBM-ի աջակցությամբ։