Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցուն պատկանող կենտրոնում վերջերս բռնկված հրդեհը վերջին երկու ամսվա ընթացքում քաղաքի հայկական համայնքի հետ կապված երեք միջադեպերից մեկն է, որոնք ոստիկանությունը հետաքննում է որպես ատելության հիմքով հանցագործություններ, հայտնում է San Francisco Chronicle-ը:

Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության հրկիզումների օպերատիվ խումբը հրդեհը, որի հետեւանքով այրվել էր Լորել Հայթսում Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր եկեղեցու հարակից ծխական գրասենյակը, հետաքննում է որպես ատելության հիմքով հանցագործություն: Երկու մյուս միջադեպերը կապված են Պարկմերսեդ շրջանում գտնվող հայկական դպրոցի հետ:

Սեպտեմբերի 19-ին` հրդեհից երկու օր անց, ոստիկանությունը հաղորդում էր ստացել դպրոցից դուրս կրակոցների մասին եւ փողոցային ցուցանակի վրա փամփուշտի հետքեր էր հայտնաբերել: Հուլիսին դպրոցի պատերին ատելություն պարունակող գրաֆիտիներ էին հայտնվել:

Հակահայկական հանցագործությունների շարքը խորը անհանգստություն է առաջացնում թաղամասի համախմբված հայկական համայնքի շրջանում: Պետական պաշտոնյաները, այդ թվում` նահանգապետ Գեվին Նյուսոմը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, կոնգրեսականներ Ադամ Շիֆայը եւ Զեքի Սփայերը դատապարտել են վերջին օրերի բռնությունը հայ համայնքի նկատմամբ:

Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ Չեսա Բուդինը միջադեպը որպես «վախկոտ ու հանցավոր վարքի զարհուրելի ակտ» է որակել:
Անցյալ շաբաթ տեղի ունեցած հրդեհը ոչնչացրել էր կիրակնօրյա դպրոցի դասասենյակները, գրադարանը, խորհրդակցությունների սենյակները եւ եկեղեցական գրասենյակները:

Այս եւ մյուս միջադեպերի առնչությամբ ձերբակալվածներ դեռ չկան: Ոստիկանության վարչությունը ուժեղացրել է անվտանգությունը` գիշերային պարեկություն կազմակերպելով հայկական եկեղեցիների, դպրոցների եւ Հայոց ցեղասպանության հիշատակին խաչքարի մոտ:
Հայկական մշակութային հիմնադրամը 25.000 ԱՄՆ դոլարի պարգեւտրում է առաջարկում յուրաքանչյուրին, ով տեղեկատվություն կտրամադրի, որը կհանգեցնի միջադեպերում ներգրավված անձանց ձերբակալմանը եւ դատապարտմանը, ասել է հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ Աբրահամ Փանոսյանը: