Չինական տեխնոլոգիական ընկերությունների դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմը փոխել է գլոբալ բիզնես վարելու հիմնական կանոնները՝ ընդգծելով նոր քաղաքական իրողությունը, որը կարող է ամերիկյան ընկերությունների համար բացասական հետեւանքներ ունենալ, հայտնում է AFP-ն։

Սպիտակ տունը հանդես է գալիս չինական հանրահայտ հավելվածներ TikTok-ի եւ WeChat-ի դեմ, իսկ Huawei տեխնոլոգիական հսկայի դեմ խիստ պատժամիջոցներն ընդգծում են երկու տնտեսական հսկաների միջեւ ազգային անվտանգության քողի տակ տեխնոլոգիական գերազանցության համար պայքարը։

«Այս ամենի հիմքում զարգացող տեխնոլոգիաների վրա գերիշխանության համար պայքարն է,- կարծում է Ամերիկա-չինական գործարար խորհրդի փորձագետ Դուգ Բարրին։ - Հաջողության հասած երկիրը կստանա ահռելի տնտեսական եւ աշխարհաքաղաքական օուտներ»։

Վերլուծաբաններից շատերը, սակայն, պնդում են, որ Թրամփի գործողությունները կարող են տհաճ հետեւանքներ ունենալ ԱՄՆ տեխնոլոգիական հատվածի եւ ամերիկյան այլ ձեռնարկությունների համար, քանի որ դրանք Չինաստանին եւ այլ երկրներին դրդում են պատասխան միջոցառումներ ձեռնարկել։

«TikTok-ի եւ մյուս չինական ընկերությունների դեմ Թրամփի գործողությունները խափանում են ԱՄՆ առաջնորդության հանդեպ վստահությունը,- ասել է Բրուքինգի ինստիտուտի Տեխնոլոգիական ինովացիաների կենտրոնի ղեկավար Դարել Ուեսթը։ - Ամերիկացի ներդրողներին ընկերության վաճառքի պարտադրումը վատ նախադեպ է ստեղծել մյուս երկրների համար։ Սա, հավանաբար, նրանց համարձակություն կհաղորդի պատասխան միջոցառումներ ընդունելու ամերիկյան ընկերությունների դեմ»։

Թրամփը, կարծես, ընթանում է դեպի «կլանային կապիտալիզմ»՝ գործարքներ կնքելով, որոնք օգուտ են բերում իր բարեկամներին եւ դաշնակիցներին, ինչպիսին է Oracle-ը, որի հիմնադիր Լարրի Էլիսոնը նախագահի նախընտրական քարոզարշավի միջոցների հիմնական հավաքողն է։

Wall Street Journal-ը, չնայած այլ հարցերում նախագահին իր աջակցությանը, այս ամիս խիստ խմբագրական հոդված էր հրապարակել TikTok-ի վերահսկողությունը Oracle եւ Walmart ընկերություններին փոխանցելու ենթադրյալ գործարքի  մասին։

«Հնարավոր է, որ այդ գործարքն ազգային անվտանգությունը կպաշտպանի, ինչպես պնդում է Թրամփի վարչակազմը, բայց դրանից գալիս է կորպորատիվ քավոր-սանիկության հոտ, որը վնաս կհասցնի ազատ շուկայի կանոնների առումով ԱՄՆ կառավարության հեղինակությանն ու վարկանիշին»,- նշում է Business Daily-ն։

Վենչուրային ներդրող Բենեդիկտ Էվանսը, որը տեխնոլոգիական ինդուստրիայի մասին բլոգ է վարում, ասել է, որ Թրամփի վարչակազմի կողմից առաջ մղվող TikTok-ի հետ կապված բարդ գործարքը ազգային անվտանգությունը մղել է հետին պլան՝ ամբողջ սագան վերածելով «ֆարսի»։ «(Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը Ռուսաստանում դա մշտապես է անում, բայց շատ ավելի լավ է հաղթահարում»,- ասել է նա։