Կալիֆորնիան մինչեւ 2035 թվականը կհրաժարվի բենզինով աշխատող նոր մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաների վաճառքից, հայտարարել է նահանգապետ Գեյվին Նյուսոմը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Ըստ նրա` այս միջոցառումը 35 տոկոսով կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումը երկրի ամենաբնակեցված նահանգում:

Ընդ որում, նահանգի բնակիչներին չի արգելվի բենզինով աշխատող ավտոմեքենաներ ունենալ կամ վաճառել դրանք օգտագործված մեքենաների շուկայում: Սակայն այս առաջարկը վերջ կդնի բենզինով աշխատող նոր մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաների վաճառքը 40 միլիոն բնակչությամբ նահանգում:

«Մենք չափից շատ տասնամյակներ ենք ավտոմեքենաներին թույլ տվել աղտոտել օդը, որը շնչում են մեր երեխաներն ու ընտանիքները»,- ասել է Նյուսոմը:

Կալիֆորնիան նպատակ է դրել մինչեւ 2045 թվականն ամբողջությամբ անցնել մաքուր, վերականգնվող էներգիային: