Այս պահին ՍԴ-ում դեռ քննարկվում է ՍԴ աշխատակարգային նիստը լրատվամիջոցների  կողմից լուսաբանելու հարցը, դրանից հետո, կարծում եմ՝ անցում կկատարվի ՍԴ նախագահի թեկնածուների առաջադրմանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

Դիտարկմանը, որ հիմնական պայքարն ընթանալու է Երվանդ Խունդկարյանի եւ Արման ԴԻլանյանի միջեւ, Շաթիրյանն արձագանքեց. «Ես անկեղծ կպատասխանեմ ձեր հարցադրումներին: Եկեք խնդիրը չանձնավորունեք, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Մի բան է տեսականորեն կանխատեսումների, ենթադրությունների տրամաբանությամբ ինչ-որ բաներ խոսել, մեկ այլ բան է իրականությունը: Թե գործնականում ինչ կլինի, կտեսնենք:

Երբ կլինեն առաջադրումներ, ինքնաառաջադրումներ դատավորների կողմից, 9 դատավորներից յուրաքանչյուրը կկայացնի սեփական որոշումը»:

Նա չպատասխանեց հարցին, թե արդյոք ինքն ինքնաառաջադրվելու է, թե ոչ:

Շաթիրյանը տեղեկացրեց, որ ՍԴ նիստը լուսաբանելու վերաբերյալ քննարկումը մոտ է ավարտին: