Հայաստանի ՀՆԱ-ն, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մոտ 6.5 տրիլիոն դրամ է կազմում կամ շուրջ 14 միլիարդ դոլար` հաշվի առնելով ներկայիս անկումը: Ընդ որում, ՀՆԱ-ի նկատմամբ վարկերի մասնաբաժինը հասել է աննախադեպ բարձր ցուցանիշների: Այս մասին սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովում «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով լսումներին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով` ակնկալվում է, որ Հայաստանը 6.3-6.4 տրիլիոն դրամ ՀՆԱ կունենա եւ 4-4.1 տրիլիոն դրամ` վարկերի տեսքով, որոնք ներարկվել են տնտեսության մեջ: «Միեւնույն ժամանակ, 3.6 տրիլիոն դրամ տրամադրել են բանկերը, իսկ շուրջ 400-500 միլիարդ դրամ` վարկային կազմակերպությունները»,- նշեց խորհրդարանականը` պարզաբանելով, որ Հայաստանում գործող 17 բանկերը, ըստ էության, 7 միլիարդ դոլարի վարկային միջոցներ են տրամադրել: Դրանից, ըստ Մելքումյանի, հետեւում է, որ վարկերի դերը երկրի հասարակական կյանքում զգալիորեն աճել է: