ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը՝ Վլադիմիր Գասպարյանի փեսան, ԱՄՆ-ում որեւէ քրեական գործով կալանավորված չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեւորգյանի պաշտպան Հրանտ Անանյանը։

Նշենք, որ երեկ նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել էր, թե երեք օր առաջ Արթուր Գեւորգյանն ԱՄՆ-ում կալանավորվել է։

«Ո՞վ է Վարդան Ղուկասյանը։ Նախկինում Ոստիկանությունից վռնդված, շորթման եւ խարդախության համար դատապարտված արվամոլ է։ Դրանք վիրավորանքներ չեն, այլ փաստեր են։ Դատալեքսում  կա դատավճիռը՝ այդ ամենի վերաբերյալ։ Եթե մեր լսարանի համար կապ չունի՝ ով է ասում, կարեւոր է թե ինչ է ասում։ Հորդորում եմ տեղի չտալ նման ապատեղեկատվության»,- ասաց Անանյանը։

Անդրադառնալով Արթուր Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործին՝ Անանյանն ասաց, որ վարույթն իրականացնող մարմինն անընդհատ ձգձգում է գործի քննությունը։

«ՀՔԾ-ն անհիմն հիմք չընդունելով հյուպատոսական վավերացմամբ ներկայացրած փաստաթղթերին, որոշակի կասկածներ ունենալով, ինքնուրույն է դիմել ԱՄՆ իրավապահ մարմիններին՝ նույն տեղեկատվությունը ստանալու համար։ Նրանք նպատակն է գործը ձգձգելը։ Այսպես ամիսներ շարունակ սպասում ենք ԱՄՆ իրավապահ մարմինների պատասխանին»,- ասաց Անանյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Գեւորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապրիլի 9-ին ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՀՀ ՔՕ-ի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրումը) եւ 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը): Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հետախուզում հայտարարվել։