Երեւանում ընթանում է հակակոռուպցիոն մարմինների ստեղծման հայեցակարգի հանրային առցանց քննարկումը: Այն համատեղ կազմակերպել են սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովը, Հայաստանի փաստաբանների ասոցիացիան, Հայաստանի հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան, ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը:

Փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրել է հակակոռուպցիոն մարմինների ստեղծման միջազգային փորձը: Ըստ նրա` ունիվերսալ կենտրոնացված մոդելը (Լիտվա, Լատվիա, Լեհաստան, Հոնկոնգ եւ այլն) շատ առավելություններ ունի: Մարմինն ուժեղ մանդատ ունի եւ բազմաթիվ գործառույթներ է իրակացնում` նվազեցնելով բյուրոկրատիան, դրանով իսկ նվազեցնելով կոռուպցիայի հնարավորությունները: Ավելի ճիշտ ֆինանսական բաշխում է տեղի ունենում, քանի որ այն վերացնում է կրկնակի գործառույթների հնարավորությունը: Այս մոդելին հակված են հայ փորձագետները: Ապակենտրոնացված մոդելը մի փոքր այլ պատկեր ունի:

Չնայած տարբերություններին` մոդելներն ընդհանուր սկզբունքներ ունեն` Ջակարտայի սկզբունքները` մանդատ, համագործակցություն, կայունություն, հետեւողականություն, էթիկական նորմերի պահպանում, մարմնի անդամի անձեռնմխելիություն` իրենց աշխատանքային գործառույթների հետ կապված, վարձատրություն, ֆինանսական անկախություն, հաշվետվողականություն:

Փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը նշել է, որ տեսականորեն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կարելի է բաժանել 3 փուլի. 2003-2015 թվականներ` ըստ փորձագետի` այս ժամանակահատվածում կոսմետիկ աշխատանքներ են իրականացվել, բայց համակարգային աշխատանք չի իրականացվել, 2016-17թվականներն օրենսդրական բարեփոխումների, պատժի խստացման փուլ էր, երրորդ փուլը սկսվել է 2018-ին: Այս փուլը կարեւոր է ամբողջական մոտեցմանբ` կանխարգելում, կրթություն, պատժի անխուսափելիություն: Նա ներկայացրել է ներկայիս համակարգը, որը բաղկացած է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, հակակոռուպցիոն հանձնաժողովից (գտնվում է ստեղծման փուլում), հակակոռուպցիոն դատական ​​համակարգից (եւս ձեւավորման փուլում է), հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդից, արդարադատության նախարարության համապատասխան վարչությունից, գլխավոր դատախազության երկու վարչություններից: Այս կապակցությամբ նա իր խորին համոզմունքն է հայտնել, որ հանձնաժողովի հուսալիության վերաբերյալ ներկայացված եզրակացությունները պետք է հասանելի լինեն հասարակության լայն շերտերին: