Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մեկնարկեց «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստը:

Գործով մեղադրող դատախազը հրապարակեց Առուստամյանի մեղադրական եզրակացությունը։

Գործով ամբաստանյալ Սեդրակ Առուստամյանն էլ դատարանում հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նշենք, որ այս պահին դատարանը քննում է քրեական գործով առկա գրավոր ապացույցները, այնուհետեւ կհարցաքննվեն գործով վկաները, վերջում՝ գործով ամբաստանյալ Սեդրակ Առուտամյանը։

Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու եւ դրա հետեւանքները չվերացնելու համար):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Երեւան քաղաքի Աբովյան 5/1, 5/2 եւ 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու համար իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Առուստամյանը շարունակել է հիշյալ շինության կառուցումը։ Քրեական գործի նախաքննության ավարտի մասին Քննչական կոմիտեն հայտնել է ապրիլի 8-ին, որից հետո գործն ուղարկվել էր դատարան:

Նշենք, որ Առուստամյանի խափանման միջոց ընտրվել է կալանքը։