Ոչ մի իշխանություն չպետք է հնարավորություն ունենա ազդելու հակակոռուպցիոն մարմինների վրա։ Այս մասին առցանց քննարկման ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Կարեն Զադոյանը։

«Այսօր քաղաքական կամք կա, վաղը կարող է չլինել։ Եթե օրենքի մակարդակում ամրագրվի, կարելի է հեշտությամբ փոխել։ Ուստի չափազանց կարեւոր է Սահմանադրության մակարդակում ամրագրումը, որպեսզի հնարավոր չլինի փոխել նույնիսկ խորհրդարանի մեծամասանությամբ։ Դա մարմնին կամ մարմիններին թույլ կտա անկախության բարձր աստիճան ունենալ»,- նշեց Զադոյանը։

Նա հայտնեց, որ անցյալում իրենք 2 մոդել են առաջարկել՝ ունիվերսալ եւ տարբերակված, այդ ժամանակ իշխանությունները գնացին երկրորդ ճանապարհով։ 2018 թվականից հետո վարչապետը հայտարարեց ունիվերսալ մոդելի կարեւորության մասին, բայց փաստացի շարունակվում է երկրորդ մոդելը։ Հիմա փորձագետները հանձնաժողովի քննարկմանն են ներկայացրել 3 տարբերակ։ Ունիվերսալ մոդելը, երբ մարմինն օժտված է բոլոր գործառույթներով, տարբերակված (գործողը), երբ գործառույթները բաժանված են երկու մարմինների միջեւ։ Նրա խոսքով՝ եթե հանձնաժողովը չընդունի այս երկուսը, կա պահեստային տարբերակ․ չնշելով մոդելը՝ որոշել ստանդարտները։ Դրանք գործառույթներն են՝ անկախ մարմինների թվից, եւ դրանց ձեւավորման ստանդարտները։ Այսինքն՝ պաշտոնները պետք է ընտրովի լինեն (ԱԺ-ի կողմից)։ Իսկ այն դեպքում, երբ թեկնածուներին վարչապետն է նշանակում, չի կարող չստացվել, որ այդ անձը իր գործողություններում կաշկանդված չլինի, հավելեց փորձագետը՝ ընդգծելով, որ ոչ մի քաղաքական իշխանություն չպետք է ինչ-որ մեկին նշանակելու հնարավորություն ունենա, թեկուզ եւ շատ պրոֆեսիոնալ անձի։ Նաեւ պետք է լինեն հրաժարականի, ֆինանսավորման, անձեռնմխելիության, նշանակման ժամկետի հստակ ստանդարտներ, օրինակ՝ ԱԺ-ն ընտրվում է 5 տարով, մարմնի անդամները պետք է ընտրվեն 6 տարով՝ խուսափելու համար հնարավոր ճնշումից։

«Սա առաջին հերթին բարձր երաշխիք է բուն իշխանությունների համար»,- ասաց Զադոյանը՝ հավելելով, որ եթե երկրի ապագա նախկին ղեկավարների խիղճը մաքուր է, նրանք ստիպված չեն լինի երկրից հեռանալ եւ հեշտորեն կարող են ապացուցել իրենց անմեղությունը։ Ընդ որում՝ նա հավելեց, որ նման համակարգեր են ստեղծվում զարգացող երկրներում, իսկ զարգացած երկրներն այս փուլն անցել են։ Հայաստանին սա, այնուամենայնիվ, պետք է, արձանագրեց Կարեն Զադոյանը։