Վարկային կազմակերպությունները բարձր տոկոսադրույքներ են առաջարկում, բայց վարկեր վերցնելը կամ չվերցնելը յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունն է: Այս մասին սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով լսումների ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Ըստ նրա` պետք է հստակ հասկանալ, որ փողը ապրանք է, իսկ բանկերը, ըստ պատգամավորի, պետք է դիտարկել որպես խանութներ, որոնցից կարելի է գումար գնել: «Եթե ձեզ համար ձեռնտու չէ ձեռք բերել այս ապրանքը նշված գնով, ապա գնացեք մեկ այլ խանութ»,- ասաց խորհրդարանականը:

Ընդ որում, ինչպես նշեց Ենգիբարյանը, եթե վաղը վարկերի համաներման մասին օրենքն ընդունվի, ապա երկրի տնտեսությունը կհայտնվի փլուզման եզրին: «Այդ դեպքում ձեր տանը կարող է 5 միլիոն դրամ հայտնվել, բայց այդ փողով դուք չեք կարող նույնիսկ հաց գնել: Այ թե ինչի կարող է հանգեցնել «դրամի հետ խաղալը»»,- նախազգուշացրեց պատգամավորը: