Լրատվամիջոցների կողմից ՍԴ աշխատակարգային նիստը տեսաձայնագրելու վերաբերյալ հարցը կրկին բարձրացվել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից եւ իր իսկ կողմից բարձրացված հարցը հետ է վերցվել, որովհետեւ երեկ արդեն հարցին բավական մանրամասն անդրադարձ կատարվել էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը։

«Ես մամուլից տեղեկացա, թե դեմ եմ եղել, որ լրատվամիջոցների կողմից տեսաձայնագրվի, ես դեմ չեմ եղել, դա չի համապատասխանում իրականությանը։ Ես սկզբունքորեն կողմ եմ եղել լուսաբանում իրականացնելուն։ Միաժամանակ ներկայացրել եմ իմ դիտարկումները, որ ԶԼՄ-ները մասնակցություն ունենան, նաեւ ՍԴ դատավորների եւ աշխատակիցների մասնակցությունը, համավարակով պայմանավորված, առողջության անվտանգությունը լինի համապատասխան պաշտպանվածության շրջանակներում պետք է ապահոված լինի։ Եվ եթե պետք է հնարավորություն տանք, ապա պետք է հնարավորություն տանք բոլոր լրատվամիջոցներին՝ առանց սահմանափակման։ Այս պայմաններում ՍԴ շենքի նիստերի մեծ դահլիճը վերանորոգման մեջ է գտնվում, նաեւ քննարկման առարկա պետք է դարձվի համապատասխան աշխատակարգային նիստն այլ վայրում անցկացնելու համար, որպեսզի բոլոր լրատվամիջոցները մասնակցություն ունենան»,- ասաց Պետրոսյանը։

Պետրոսյանի խոսքով՝ դատավոր Գրիգորյանը գտել է, որ լրատվության միջոցների հավասարությունն ապահովելու խնդիր կա։

«ՍԴ որոշ դատավորներ իրենց տեսակետներն անկաշկանդ ներկայացնելու հետ կապված լրատվամիջոցների ներկայությամբ կաշկանդման խնդիր տեսնում էին. այդ հանգամանքը նույնպես պետք է հաշվի առնել»,- ասաց Արեւիկ Պետրոսյանը։