Հայաստանի ֆինանսական հաստատությունները վերջին մի քանի ամիսներին կորոնավիրուսի համավարակի պատճառով վերանայել են գրեթե 1 մլն վարկային պայմանագրեր՝ 1,5 տրլն դրամ ընդհանուր գումարով։ Այս մասին սեպտեմբերի 24-ին ԱԺ նիստերի դահլիճում ընթացող՝ «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Նրա խոսքով՝ վերանայված վարկերի շահառուները մոտ 550 հազար ֆիզիկական եւ 17 հազար իրավաբանական անձինք են։ Երիցյանի գնահատմամբ՝ ֆինանսական հաստատությունների կողմից վարկերի այդպիսի մեծաչափ եւ ծավալուն վերանայումը հաճախորդների հանդեպ բարի կամքի եւ գործընկերության լավագույն արտահայտությունն է, քանի որ վարկային համաձայնագրերի վերանայման ծախսերը կրել են հենց ֆինանսական հաստատությունները եւ նրանց տերերը։