Կենտրոնական բանկը գիտակցված է բարձրացրել վարկերի տոկոսադրույքները, որ կրճատի փոխառուներին վարկերի տրամադրման ծավալը։ Այս մասին սեպտեմբերի 24-ին ԱԺ նիստերի դահլիճում ընթացող՝ «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Նրա խոսքով՝ սա հատուկ է արվում, որ նվազեցվի բնակչության վարկային բեռը։ «Սա տնտեսության օրենքն է։ Երբ վարկերի տոկոսադրույքները մեծանում են, դրանց պահանջարկը նվազում է, իսկ երբ նվազում են, ապա պահանջարկն աճում է։ Եթե վարկային պայմաններն անտրամաբանական կերպով մեղմվեն, ընդ որում՝ հաշվի չառնելով եղած ռիսկերը, կամ ընդհանրապես վարկառուներին վարկային արձակուրդ տրվի, ապա պահանջարկը զգալիորեն կմեծանա, եւ դա ապագայում կարող է լուրջ սպառնալիքներ եւ խնդիրներ ստեղծել, քանի որ վարկառուների վճարունակությունը տարբեր է։ Մեկի մոտ այն բարձր է, մյուսի մոտ՝ ոչ։ Այնպես որ, այս ճանապարհը, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, տանում է ճգնաժամերի։ Քաղաքական եւ պոպուլիստական մոտեցումները բանկերին ստիպում են սահմանել վարկերի ցածր տոկոսադրույքներ, եւ բանկերը ստիպված են վարկերի տոկոսադրույքները նվազեցնել՝ հաշվի չառնելով հնարավոր ռիսկերը։ Վերջնարդյունքում բոլորս դրա պատճառով վճարում ենք հարկերի բարձրացման տեսքով»,- պարզաբանեց Երիցյանը։