Քաղաքացիները չեն կարդում բանկային պայմանագրերը, այլ ավտոմատ ստորագրում են։ Այս մասին սեպտեմբերի 24-ին ԱԺ նիստերի դահլիճում ընթացող՝ «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց օմբուդսմեն Արման Թաթոյանը։

Ընդ որում՝ ինչպես նշեց Թաթոյանը, բանկային պայմանագրերը կազմված են բավականին բարդ եւ նենգություններով։

«Դրանք այնքան բարդ են, որ անգամ իրավաբանների մոտ երբեմն հարցեր են առաջանում։ Անհրաժեշտ է բանկային համակարգում մեծացնել բնակչության իրազեկվածության գործընթացը եւ պայմանագրերը պարզեցնել։ Հիմնական խնդիրն ու նպատակը պետք է լինի այն, որ մարդիկ պարզապես սկսեն կարդալ բանկային պայմանագրերը դրանք ստորագրելուց անմիջապես առաջ»,- շեշտեց օմբուդսմենը։

Անդրադառնալով դատական վեճերի հարցին՝ Թաթոյանը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ դատավարության ձգձգվելու ժամանակ վարկերի տոկոսադրույքը շարունակում է աճել։

«Ստեղծվում է իրավիճակ, երբ քաղաքացին կորցնում է գրավի առարկան, օրինակ՝ բնակարանը»,- ասաց օմբուդսմենը։

Իրավապաշտպանի խոսքով՝ դատական վեճերի հիմնական պատճառը համապատասխան այլընտրանքային մարմին չունենալն է։