Սաուդյան Արաբիան երբեք Իրանին չի առաջարկել խաղաղության նախաձեռնություններ, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը:

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ Սաուդը, ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ թագավորությունը «խաղաղության ձեռք է մեկնել» Իրանին եւ տասնամյակներ շարունակ համագործակցել է Իրանի հետ «դրական եւ բացահայտ»: Միաժամանակ նա Իրանին մեղադրել է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ:

«Ինչ վերաբերում է խաղաղության առաջարկին, Սաուդյան Արաբիան երբեք Իրանին այնպիսի առաջարկ չի արել, որից նա կհրաժարվեր»,- ասել է Զարիֆը:

Նրա խոսքերով՝ թագավորությունը, 2015-ի ապրիլից սկսած, «սպանում է եմենցիներին» եւ «կատարում է ռազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ հանցագործություններ»՝ եվրոպական որոշ երկրների եւ ԱՄՆ-ի հետ, որոնք զենք են վաճառում Սաուդյան Արաբիային:

Զարիֆի խոսքերով՝ 2019 թվականին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում առաջարկել էր «Հորմուզի խաղաղ նախաձեռնությունը»: «Նա նամակ էր ուղարկել Սաուդյան Արաբիայի թագավորին, բայց վերջինս լկտիորեն Ռոհանիի պատասխանը Քուվեյթի էմիրի միջոցով էր ուղարկել»,- ասել է նախարարը: «Եվ նույնիսկ այդ նամակին մենք պատասխանել ենք»,- ասել է Զարիֆը։

«Սաուդյան Արաբիան ցանկանում է, որ ամերիկացիները մինչեւ ամերիկացի վերջին զինվորը մարտնչեն բոլորի հետ, ով իր կողմից չէ»,- ամփոփել է Զարիֆը:

Եմենում 2014-ի օգոստոսից շարունակվում են ակտիվ ռազմական գործողությունները՝ նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Խադիի կողմնակիցների եւ խուսիտների միջեւ: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Խադիի կողմից կռվում է 2015-ի մարտից: Ի պատասխան հյուսիսային խուսիտների կողմից վերահսկվող դիրքերին եւ շրջաններին ուղղված կոալիցիայի ավիահարվածներին՝ նրանք բալիստիկ հրթիռներ եւ պայթուցիկ անօդաչու թռչող սարքեր են արձակում Սաուդյան Արաբիայի՝ Եմենի հետ սահմանակից տարածքներ, ինչպես նաեւ ոչնչացնում են սաուդցի զինվորականների ուղարկած անօդաչու թռչող սարքերը: