ՍԴ-ն քաղաքական մարմին չի, որպեսզի կարեւորություն ունենա իր համար, թե փողոցում իր մասին ինչ են խոսում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին , լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելուն շատերն էին սպասում, ինչո՞ւ ինքը հրաժարական չտվեց, Հրայր Թովմասյանն ասաց. «Ինձ համար ոչ թե կարեւոր է՝ ինձ դրսից ինչ-որ մեկը քննադատում է, այլ ինձ համար շատ կարեւոր է՝ այդ գործառույթն արդյունավետ եմ իրականացնում, թե՞ ոչ։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ՝ սիրելի գործընկերներ, որ որը ձեզանից 5-ը կգա իմ սենյակ եւ կասի՝ պարոն Թովմասյան, գիտեք, ձեզ շատ ենք սիրում, բայց մենք չենք ուզում, որ դուք մեր նախագահը լինեք եւ ես հրաժարական կտամ»։

Հրայր Թովմասյանը շեշտեց, որ նման գործընթացները ՍԴ-ի ներքին գործն են. «Մյուսներին չպետք է հետաքրքրի, թե այստեղ ինչ են մտածում, ով ինչ է ընդհանրապես խոսում։ Այս շենքին էլ չպետք է հետաքրքրի, թե դուք ինչ եք մտածում, հասարակությունն ինչ է մտածում։ ՍԴ-ն քաղաքական մարմին չի։ Որոշակի թափանցիկության սահմանափակումը պաշտպանում է ՍԴ-ն, որպեսզի ՍԴ-ն իր որոշումը կայացնելիս չնայի, թե իր մասին ինչ կասեն։ ՍԴ-ն քաղաքական մարմին չի, որպեսզի կարեւորություն ունենա իր համար, թե փողոցում իր մասին ինչ են խոսում։ Ես ոչ մի սդ-ի նախագահի չեմ նախանձում»։