ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է. նա ինքնաառաջադրվել է։ Հրայր Թովմասյանն առաջադրել է Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, որն ինքնաբացարկ է հայտնել։ Այսպիսով՝ իրականություն են դառնում լրատվամիջոցների կանխատեսումները, որ իշխանության՝ ՍԴ նախագահի թեկնածուն Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն է, որի առաջադրումը դատավորի պաշտոնում հիասթափության ալիք էր բարձրացրել հատկապես Փաշինյանին աջակցողների շրջանում։

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողներին պատմել է, որ առաջադրումից հետո Խունդկարյանը ծրագրային ելույթ է ունեցել, դատավորները նրան հարցեր են ուղղել, նիստը ընդհատվել է և կշարունակվի վաղը առավոտյան։ Ընտրվելու համար Խունդկարյանին անհրաժեշտ է ստանալ ինը դատավորներից առնվազն հինգի ձայները։

ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը լքել է նիստերի դահլիճը, երբ իր առաջադրած թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ըստ մամուլի, հրաժարականի պատճառը կրթության չափորոշիչներն են, որոնք վերջին շրջանում բուռն քննարկումների տեղիք են տվել։ Նշենք, որ հենց Թամրազյանի հետ հակասությունների պատճառով մանդատը վայր դրեց Արսեն Ջուլֆալակյանը, հրաժարականի դիմում գրեցի ԲՈԿ–ի նախագահ Սմբատ Գոգյանը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը իր պաշտպանյալի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Պաշտպանը գրել է, որ փաստական տվյալներ ունեն, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտությամբ գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որն էլ արագ կարգով պետք է քննի միջնորդությունը եւ կալանավորման որոշում կայացնի։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 374 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 48251-ի: Ավելացել է նաեւ բուժվողների թիվը։ Անցած մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացած վարակակիրների ընդհանուր թիվը 1237 է: Մամուլը հայտնում է, որ հունիսի վերջին եւ օգոստոսի սկզբին covid-19-ից մահացել է 2 զինծառայող, մեկը՝ իգական սեռի։

Կառավարության նիստին վարչապետ  Փաշինյանն արձանագրել է, որ կորոնավիրուսային իրավիճակը կրկին սրվել է: Դեպքերի ավելացումն, ըստ նրա, պայմանավորված է մարդկանց շարժողունակությամբ: «Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները եւ ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը, նաեւ պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր. Կարմիր գիծն  այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները սպառվեն», ասել է նա: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ այս պահին ունենք 1230 սովորական մահճակալ եւ 170 վերակենդանացման մահճակալ, որոնց մոտ 30 տոկոսը ազատ է:

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի և Եվրահանձնաժողովի միջև «Covid-19-ի դիմակայման պայմանագիրը» ստորագրելու առաջարկին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  նշել է, որ աջակցությունը 30 մլն եվրո ընդհանուր արժողության է, դրանից 24 մլն եվրոն տրամադրվելու է միանվագ՝ առանց նախապայմանի, 6 մլն-ը կտրամադրվի սահմանված նպատակների ապահովման արդյունքում:

Լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ։ Առողջապահության նախարարի հրամանով ուղեցույցում կատարված փոփոխությունների համաձայն, առանձնահատուկ պայմաններով ուսման կենտրոններում պետք է յուրաքանչյուր պարապմունքի ավարտին օդափոխել տարածքը, ախտահանել մակերեսներն ու դիդակտիկ նյութերը, սեղաններին ունենալ ձեռքերի ախտահանիչներ։

Կառավարության առջեւ Ռուսաստան մեկնել ցանկացողների հացադուլը շարունակվում է արդեն 3-րդ օրը։ Նրանք 20 հոգի են։ Հիշեցնենք, որ նախօրեին նրանց ներկայացուցիչներին ընդունել էր վարչապետ Փաշինյանը, հուսադրել, որ այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։

Նոբելյան կոմիտեն ստացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու հայտ, ինչից հետո ամերիկյան կողմն առաջադրել է Դոնալդ Թրամփին։ Ակադեմիկոս, գրող Սերգեյ Կոմկովը, որն ուղարկել էր Դաշնության առաջնորդին առաջադրելու մասին ուղերձը, ասել է, որ իրենց հայտից հետո սկսվել է ամերիկյան կողմի տառացիորեն կատաղի արձագանքը։ Ըստ նրա՝ Օսլոյում ԱՄՆ ներկայացուցիչը արագ դիմում է գրել, առաջադրել Թրամփին, իբր Արաբական Էմիրությունների եւ Իսրայելի միջեւ ինչ-որ կոնֆլիկտայկին իրավիճակ հարթելու համար։

ԱՄՆ-ում ձերբակալվել է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը՝ Վլադիմիր Գասպարյանի փեսան։ Դատախազությունը հայտնել է, որ Գեւորգյանին Հայաստանին հանձնելու հարցով ԱՄՆ-ի գործընկերներին դիմելու համար նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը։ Ապրիլի 9-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու մեղադրանք էր առաջադրել նախկին պատգամավորին ։ Պատգամավորի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Արթուր Գեւորգյանն ավելի ուշ հայտարարել էր, որ, մեջբերում եմ, «քրեական հետապնդումն ու ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չէ, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան և շրջապատի հետ»։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.10 դրամով ու կազմել 485.32 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.56 դրամով  ու կազմել 565.06 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.36 դրամով ու հասել 618.49  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով ու կազմել  6.28 դրամ:

Սեպտեմբերի 25-ին առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում տեղումներ չեն լինի։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +14-ից +16, վաղը ցերեկը՝  28-ից 30 աստիճան զրոյից բարձր։