Իտալիայի Սպոլետո քաղաքի տաճարից գողացել են Հովհաննես Պողոս Երկրորդ պապի արյան կաթիլներով անոթը, ասվում է Սպոլետո-Նորչիի արքեպիսկոպոսարանի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մասունքի անհետացումը, որը ներսում սրվակով ոսկե խաչ է, չորեքշաբթի երեկոյան նկատել են Սպոլետոյի տաճարի սպասավորները, որից հետո կանչել են կարաբիներներին։

Արքեպիսկոպոս մոնսինյոր Ռենատո Բոկարդոն դիմել է երկրպագության առարկան գողացողներին՝ խնդրելով հնարավորինս շուտ վերադարձնել այն:

«Զարմանքով եւ ցավով իմացանք Հովհաննես Պողոս Երկրորդի մասունքի գողության լուրը: Սա լուրջ արարք է, որը վնասում է շատ մարդկանց բարեպաշտ զգացմունքները»,- տեսաուղերձում ասում է եկեղեցու վանահայրը: Նա հույս է հայտնել, որ գողությունը չի կատարվել փրկագին պահանջելու նպատակով:

Կարոլ Վոյտիլան ծնվել է 1920 թվականի մայիսի 18-ին՝ Լեհաստանի Վադովիցե քաղաքում: Նա Առաքելական Աթոռում ընտրվել է 1978 թվականի հոկտեմբերի 16-ին եւ ստացել է Հովհաննես Պողոս Երկրորդ պապական անունը: Նա դարձել է կաթոլիկության պատմության ամենաերիտասարդ հովվապետերից մեկը եւ սլավոնական ծագմամբ առաջին Հռոմի պապը: Նրա հովվապետությունը, որը տեւել է ավելի քան 26 տարի, եկեղեցու պատմության մեջ երրորդն է իր տեւողությամբ: 2014-ի ապրիլին նա սրբադասվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից: 2005թ. նրա մահից հետո առնվազն երեք մասունք նրա արյունով մնացել են Իտալիայում: Դրանցից մեկը գողացել էին Ռովիգո նահանգում՝ անցյալ տարվա ապրիլին: