Անցած 24 ժամվա ընթացքում Թուրքիայում COVID-19-ով վարակման ավելի քան 1700 նոր դեպք է գրանցվել, ինչը վերջին չորս ամսվա ամենաբարձր ցուցանիշն է: Երկրում ակտիվ դեպքերի թիվը հասել է 309 790-ի:

Առողջապահության նախարարության կողմից հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն` 24 ժամվա ընթացքում ընդհանուր 72 մարդ է մահացել կորոնավիրուսից` Թուրքիայում մահվան դեպքերի ընդհանեւր թիվը հասցնելով 7.785-ի:

Մինչդեռ երկրի ներքին գործերի նախարարությունը շրջաբերական նամակ է տարածել, որում ասվում է, որ կորոնավիրուսով հիվանդներին, ովքեր կեղծ տեղեկություններ են տրամադրում այն ​​մարդկանց մասին, որոնց հետ շփվել են, երկու տարվա ազատազրկում է սպառնում` «պետական ​​պաշտոնյաներին դիտավորյալ մոլորեցնելու համար»: Նշվում է, որ որոշ հիվանդներ խուսափում են ճիշտ տեղեկատվություն տրամադրել այն մարդկանց մասին, ում հետ շփվել են` հատկապես նրանց, ով աշխատում է մասնավոր հատվածում` տնտեսական խնդիրների պատճառով, որոնք կարող են ձեռնարկության գործունեության դադարեցման հանգեցնել, փոխանցում է Ahval-ը:

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են նաեւ ազատազրկման ժամկետ սահմանել կարանտինի կանոնները խախտողների համար եւ ավելացնել տուգանքներ: Կառավարության կողմից COVID-19-ի տարածումը զսպելու նպատակով «վարակիչ հիվանդությունների դեմ սահմնաված կանոնները խախտելու» համար նրանց մեկ տարվա ազատազրկում է սպառնում: Ըստ թուրքական օրենսդրության` կարանտինը խախտողների դեմ կարող է նույնիսկ մեղադրանք առաջադրվել` «դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու» կամ «դիտավորյալ սպանության» համար: