Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է լուրջ ջանքեր գործադրել` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի մասնակցությունը վարկաբեկելու համար:

Դեռ չէր հանդարտվել ադրբեջանական կողմի հրահրած սկանդալը Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարին վերագրված «հայտարարությունների» շուրջ, որոնք իբր արվել էին Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը, ինչ նոր «արտահոսք» հայտնվեց ադրբեջանական մամուլում:

Այս անգամ մասրամասն նկարագրված են ինչ-որ գաղտնի բանակցություններն Ալիեւի եւ Փաշինյանի էմիսարների միջեւ: Հայաստանի բանագնացի դերում ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն է: Ադրբեջանի էմիսարի անունը նշված չէ: Հետաքրքրական է, որ ադրբեջանական պարբերականն «պատահմամբ» հայտնում է, որ «Ռուսաստանի հատուկ ծառայությունները համացանց են արտահոսել Ն. Փաշինյանի եւ Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը»: Այս միտքը բազմիցս կրկնվում է:

Ինքը` Արսեն Խառատյանը, արդեն հերքել է գաղտնի բանակցություններին մասնակցության մեղադրանքները: Իր ֆեյսբուքյան էջին Խառատյանը նշում է. «Ալիեւի անձնական օգտագործման հաքքինազ-ը հերթական սուտ ու կեղծ տեքստն է հրապարակել, այս անգամ մտացածին պատումներ ներկայացնելով իմ անվան շահարկմամբ: Այսպես` իբր ես, 2018-ին գաղտնի բանակցություններ եմ վարել ադրբեջանցիների հետ:
Անիմաստ եմ համարում իշխանությունն ամեն գնով փրկել փորձող Ալիեւի խամաճիկային մեդիաներին արձագանքելը, սակայն ներհայաստանյան տիրույթում հնարավոր շահարկումներից խուսափելու համար հստակեցնեմ. ՀՀ Վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որեւէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ, որեւէ հարց չեմ քննարկել:
Թե ինչու են ադրբեջանցիներն այս փուլում այսպիսի կեղծ տեքստ հրապարակում` պետք է իրենցից պարզել: Միայն կարող եմ ենթադրել, որ հուլիսյան հաղթական օպերացիայից եւ դրան հաջորդած ԱլՋազիրայի հայտնի հարցազրույցի ընթացքում «ծեծ ուտելուց» հետո, Ալիեւի որոշ պաշտոնյաներ դեռեւս ուշքի չեն եկել, որոնց խորհուրդ կտամ սառը ցնցուղ ընդունել, վալերյանկայի զապաս հավաքել ու սրտի վախով սպասել այն օրվան, երբ ժողովրդավարական փոփոխությունները կծեծեն իրենց դռները:
Ի դեպ այդ օրը շատ հեռու չէ...»: