Ավստրալացի Ռիկ Էվերեթն իր խոհանոցի պատուհանին ցուցանակ է կախել, որի վրա գրված է. «Անվճար սուրճ` վիրուսի դեմ պայքարելու համար»:

Ավստրալացի ակրոբատը մարտին կորցրել էր իր աշխատանքը` կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ավելի շատ ազատ ժամանակ ունենալով` նա զգում էր, որ կարող է օգնել կարիքավորներին: «Մտածեք այդ մասին այնպես, կարծես ընկերոջ մոտ եք գնում սուրճ խմելու,- գրել է նա ցուցանակի վրա:- Ես ոչինչ չեմ վաճառում: Սա նվեր է, եւ այն ձեզ ժպիտ կարժենա»,- փոխանցում է AP-ն:

Շուտով հարեւանները սկսեցին այցելել նրան` բերելով ամեն ինչ` տորթերից եւ հացաբուլկեղենից սկսած մինչեւ գարեջուր: Անծանոթները սկսեցին ճանաչել նրան փողոցում եւ ձեռքով անել: «Կարծես թե ես կրկին ապրում եմ փոքր քաղաքում»,- ասել է նա: Նրա մենյույում կա կապուչինո, թեյ, լատե եւ տաք շոկոլադ: Էվերեթը նաեւ խմորեղեն է առաջարկում է սուրճի հետ:

«Եվ ինչն ավելի հիանալի է` մարդիկ զանգում են իմ սուրճի զանգը` պարզապես խոսելու համար,- ասել է նա:- Նրանք նույնիսկ սուրճ չեն ուզում: Նրանք չեն ուզում ինձնից ինչ-որ բան վերցնել, բայց շատ ուրախ են ինձ հետ զրուցել, ինչն իսկապես հաճելի է»:

Նա փորձում է հեռու մնալ բացասական թեմաներից եւ դրական լինել:

Էվերեթն օգտագործել է իր խնայողությունները` ինքն իրեն քաջալերելու համար` Ավստրալիայի կառավարության JobKeeper Payment ծրագրի հետ միասին, որի նպատակն է օգնել համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական աղետից տուժած մարդկանց:

Նա հանրային այգի է հիմնել, ապա փայտե ցուցափեղկ է գնել, այն ներկել է վառ կարմիր գույնով եւ լցրել է կերակուրով, որը մարդիկ կարող են վերցնել ընդհանուր պահեստից: Նրա վերջին նախագիծն ընդհանուր սառնարանն է, որը լի էր սննդով իր տան սահմաններից դուրս: «Եթե հարյուր հազարավոր նման բաներ են տեղի ունենում, աշխարհը փոխվում է: Ոչ ոք չպետք է աշխարհը միայնակ փոխի: Մենք դա միասին ենք անում»: