«Բավակա'ն է»,- գրել է ֆրանսիական Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ Մարլեն Մուրիեն իր ֆեյսբուքյան գրառման մեջ` հայտնելով, որ օգոստոսին սպառնալիքներ է ստացել ադրբեջանցիների կողմից: Նա նաեւ նշել է, որ օգոստոսի վերջին երեք ադրբեջանցի «կամակատար» ներխուժել էր քաղաքապետարան` պահանջելով հանել Արցախի դրոշը:

 «Երբ բանը հասնում է իմ հասցեին սպառնալիքներին եւ ահաբեկումներին, Ադրբեջանը բարձրունքի վրա է: 2014 թվականին ինձ սեւ ցուցակում ներառելուց հետո նրանք 2016-ին քաղաքապետարան գործակալ ուղարկեցին` պահանջելով դադարեցնել բոլոր բարեկամական հարաբերություններն Արցախի Շուշի քաղաքի բնակիչների հետ: Դա 2018 թվականն էր, երբ ես ստիպված էի բախվել Ադրբեջանի պետության կողմից վարչական դատարան ներկայացրած հայցադիմումին` բարեկամության կանոնադրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ, որը ես ստորագրել էի 2014 թվականի հոկտեմբերի 5-ին Շուշի հետ»,- ասել է Մուրյեն` հիշելով Բաքվի ողմից վախեցնելու անթիվ փորձերը եւ դրա գործակալներին:

Մուրյեն պարզ հասկացրել է, որ, չնայած Բաքվի մարտահրավերներին եւ սպառնալիքներին, Շուշիի հետ բարեկամության խարտիան շարունակում է ուժի մեջ մնալ:

«Այսօր ես կրկին սպառնալիքների եւ ահաբեկումների թիրախ դարձա, որոնց առջեւ չեմ ընկրկի` էլ չասած Բաքվում բռնապետի կամ Թուրքիայում նրա դաշնակիցների մասին:

Օգոստոսի 25-ին քաղաքապետարանի մոտ երեք ադրբեջանցի կամակատար էր եկել` հայտարարելով, որ մեկ ժամվա ընթացքում Արցախի դրոշը պետք է հանվի, որը ծածանվում է մեր քույր քաղաքների դրոշների հետ միասին»:

Նա հավելել է, որ դեպքից 15 րոպե անց Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը զանգահարել էր իր տեղակալին եւ փորձել վախեցնել նրան` պահանջելով իջեցնել Արցախի դրոշը:

«Ադրբեջանը, Ալիեւը եւ նրա համախոհները պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ ընկերությունը չի կարող չեղյալ համարվել, և որ Բուրգ-լե-Վալանսի բնակիչները մեծ հարգանք ունեն Շուշիի բնակիչների եւ ընդհանրապես Արցախի ժողովրդի նկատմամբ»,- ընդգծել է Մուրյեն:

«Այստեղ` Ֆրանսիայում, Բուրգ-լե-Վալանսում, Արցախի դրոշի ցուցադրումը ժողովրդի հետ համերաշխության ակտ է, որին Ադրբեջանն ամեն օր սպառնում է ոչնչացմամբ` աշխարհին ցույց տալով, որ իր միակ հայտարարված նպատակը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելն է, որի երեկվա իրագործողներն այսօրվա նրանց դաշնակիցներն են:

Ոչ Բուրգ-լե-Վալանսը, ոչ էլ դրա քաղաքապետ Մարլեն Մուրյեն չեն ենթարկվի Բաքվի բռնապետության հրամաններին»,- եզրափակել է նա: