Հանրահավաքը տեղի է ունենալու՝ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը։

«Պետք է արձանագրենք, որ հանրահավաքին գնալով մարդկանց խոսքի ավելացում է եղել»

Հարցին՝ ըստ իրեն՝ իշխանությունը նպատակ է դրել մինչեւ հանրահավաքը անազատության մեջ տեսնե՞լ Ծառուկյանին, Էնֆիաջյանն ասաց. «Քանի դեռ որոշ չկա, ես նման հայտարարությամբ հանդես չեմ գա։ Լիահույս ենք, որ ի վերջո արդար դատավճիռ կկարդան եւ ամեն ինչ կգնա իր բնականոն ճանապարհով»։

Նա նշեց, որ պատրաստ են ցանկացած զարգացման եւ իրենց պայքարը բոլոր դեպքերում շարունակելու է։

«Գործում, ըստ էության, բացակայում են մեղադրական նյութերը, եւ սա սարքած, կարած գործ է, ինչպես ժողովուրդն է ասում»,- ասաց նա։