Այդ բոլոր գործողությունները բերելու են վերջնական արդյունքի, իսկ արդյունքն այն է լինելու, որ կառավարությունը հրաժարական է տալու, նոր կառավարություն է ձեւավորվելու, եւ այդ նոր կառավարությունը անցկացնելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Ժամանակը ցույց կտա, ամեն օր փոխվում են իրադարձություններ, իշխանությունը գնում է իրեն ավելի քանդելու ճանապարհով եւ ըստ այդ տրամաբանության՝ շատ շուտով, բայց երբ ասում եմ՝ շատ շուտով, 15 րոպեն նկատի չունեմ»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն պնդմանը, որ համավարակով պայմանավորված թվերն ավելանում են, եւ այդ պայմաններում հանրահավաք իրականացնելը վտանգավոր է, Բաբայանն ասաց. «Իշխանությունը փորձում է ամեն տեսակ հնարավոր բան հիմա մտածել, մենք չպետք է մոռանանք, որ այս նույն իշխանությունը, երբ մենք էինք ասում, որ չի կարելի իրականացնել հանրահավաքներ, սահմանադրական փոփոխությունների հետ կապված անում էր շատ պարբերական հանրահավաքներ: Ինչ վերաբերում է մեր հանրահավաքին, պահպանվելու են բոլոր կանոնները, եւ մի քիչ էլ առաջ անցնելով ասեմ, որ այս իշխանությունը ՀՀ-ի համար շատ ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը»։

Արսեն Բաբայանը չբացառեց նաեւ, որ քաղաքական այլ ուժեր եւս կմիանան եռյակին։