Դեռ քննարկումներն ավարտված չեն, ընթացքի մեջ են. իսկ գնահատականները, թե ինչ որակի կլինի, ինչ վստահություն կունենա գնահատողները հանրությունն է, ՍԴ դիմող սուբյեկտներն են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը:

«Եթե քննարկումները բազմակողմանի են, դրանք օբյեկտիվ են, խնդիրը լուծելուն են ուղղված, պետք է դրանք նորմալ ընդունել: ՍԴ-ն քաղաքական մարմին չէ եւ պետք է բացառվի այստեղ բազմաբեւեռությունը: Դա հակասահմանադրական իրավիճակ կլինի: Ցանկացած քաղաքական մարմնում կարող են լինել տարբեր ուժեր, հոսանքներ, բայց ՍԴ-ն քաղաքական մարմին չէ, դա անթույլատրելի է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ տպավորություն ունի, որ ամեն ինչ արդեն որոշված է, Արեւիկ Պետրոսյանն ասաց, որ ինքը քննարկումների մասնակցում է, պատրաստել է հարցեր, կլսի պատասխանները, ելույթ կունենա, որից հետո իր ընտրությունը կկատարի:

Հարցին, թե խնդրահարույց չէ՞, որ ՍԴ նախագաի միայն մեկ թեկնածու է առաջադրված, Արեւիկ Պետրոսյանն ասաց. «Սա փաստ է, իրողություն: Որեւէ խնդիր ես չեմ տեսնում: Կարող է ընդհանրապես այս փուլում թեկնածու չլինել, կարող էին լինել մի քանիսը:

Ենթադրվում է, որ եթե առաջադրումները կատարվել են եւ թեկնածու կա, նշանակում է արդեն հաջորդ գործընթացներն են գալիս: Այս փուլում չեմ կարծում, որ կլինեն առաջադրումներ, իսկ եթե լինեն, խիստ բացառող հանգամանք գոյություն չունի, բայց տրամաբանությունը չեմ տեսնում»: