Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունն է ընթանում, բռնի ուժով բերման ենթարկվեցին քաղաքացիներ։

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատարանի բակում հավաքված Ծառուկյանի աջակիցների միջեւ տեղի ունեցավ միջադեպ, որից հետո ոստիկանները 2 քաղաքացու բերման ենթարկեցին։

Նշենք, որ այս պահին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):